Not Selected

ՄԱՔՍԻՄ ՄԱՅՐՈՎԻՉ․ «ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԻ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ «ՈՒՐԱՐՏՈՒ»՝ ԼՍԵԼՈՎ ՍՐՏԻՍ»

30/06/2022

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեր թիմի առաջին նորեկը ռուս հարձակվող Մաքսիմ Մայրովիչն էր։ 26-ամյա ֆուտբոլիստի հետ զրուցել ենք առաջին տպավորությունների, «Ուրարտու» տեղափոխվելու որոշման և այլ թեմաների մասին։

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ուրարտուի» հետ կապված պատմություն ունեցա դեռ նախորդ տարի, երբ հուլիսին ակումբին միանալու առաջարկ ստացա, բայց միևնույն ժամանակ ինձ նաև առաջարկեցին տեղափոխվել ռուսական «Ակրոն»։ Բարդ որոշում էր, քանի որ ներքուստ ուզում էի խաղալ Հայաստանում, բայց պնդում էին, որ պետք է ուժերս նորից փորձեմ Ռուսաստանում։ Հետո ես նորից վերադարձա Հայաստան, բայց կրկին՝ «Նոա», քանի որ «Ուրարտուի» կազմն արդեն համալրված էր։ Իսկ այս անգամ, երբ ինձ առաջարկեցին, ես, ինչպես և ցանկացած ֆուտբոլիստ, մի փոքր տատանվեցի, բայց ի վերջո որոշում կայացրի՝ լսելով սրտիս ձայնը։

«ՈՒՐԱՐՏՈՒ»-Ի ԴԵՄ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ուրարտուի» հետ խաղերն ինձ համար միշտ հարթ ընթացք են ունեցել, ինձ շատ է դուր գալիս այս մարզադաշտը, ուստի կարծում եմ, որ եթե նախկինում այն օգնում էր ինձ գոլեր խփել թիմի դեմ խաղալիս, ապա այժմ հուսով եմ՝ այդ գոլերը կլինեն հօգուտ «Ուրարտուի»։

ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՐՑԱՇՐՋԱՆԻՆ

«Լավ զգացողություններ ունեմ, քանի որ բազան շատ լավն է, մարզումային լավ դաշտեր կան։ Պարապում ենք, փորձում մարզավիճակ հավաքել։ Հուլիսի 2-ից 16-ն էլ ուսումնամարզական հավաք ենք ունենալու Սերբիայում, որտեղ անցկացնելու ենք ստուգողական հանդիպումներ։ Հուսով եմ՝ լավ կպատրաստվենք մրցաշրջանին, որպեսզի հաջող մեկնարկենք։

ԹԻՄԻ ՄԱՍԻՆ

Թիմը դրական է տրամադրված, ամեն ինչ իր հունով է ընթանում։ Նախկինում Էդգար Գրիգորյանի հետ խաղացել եմ, երբ նա հանդես էր գալիս «Նոայում», բայց տղաներից շատերին նույնպես ճանաչում էի, հաճախ էի հանդիպում, որովհետև Հայաստանի առաջնությունում թիմերը քիչ են։

ՄԱՐԶՉԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աշխատել եմ Դմիտրի Գունկոյի հետ դեռ «Նոայում» հանդես գալուս տարիներին, թեև ընդամենը մեկուկես ամիս, բայց այս ընթացքում կարողացել եմ հասկանալ նրա պահանջները, թե ինչպես է նա խաղում հարձակվողական ֆուտբոլ։ Կարծում եմ՝ ինձ համար դժվար չի լինի հարմարվել նրա պահանջներին թե՛ մարզումների, թե՛ հանդիպումների ժամանակ։