Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

04/07/2022

«Ուրարտուի» պաշտպան, թիմի ավագ Հակոբ Հակոբյանը լքում է ակումբը։ 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։

Հակոբյանն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է, երկար տարիներ նա պաշտպանել է հարազատ թիմի գույներն ու պատիվը, վերջին տարիներին էլ, լինելով թիմի առաջատարը, կատարում էր ավագի պարտականությունները։

Հեռանալուց առաջ Հակոբյանն իր խոսքն է ուղղել «Ուրարտուի» բոլոր երկրպագուներին.

«16 տարի առաջ ես իմ առաջին քայլերը ֆուտբոլում արեցի հենց այստեղ՝ «Ուրարտուում»։ Այս տարիների ընթացքում ես կրթվել ու դաստիարակվել եմ թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ, ինչի համար անչափ շնորհակալ եմ ակումբին։ 2014 թվականին իրականացավ իմ մանկության մեծագույն ցանկություններից մեկը՝ առաջին անգամ հրավիրվեցի գլխավոր թիմ։ Շատ լավ եմ հիշում իմ առաջին հանդիպումը․ խաղում էինք «Արարատի» հետ, հաղթեցինք 2-1 հաշվով, ես էլ խաղաժամանակ ստացա հանդիպման վերջին րոպեներին, իսկապես աննկարագրելի զգացողություններ էին։ Հենց այդ տարի մենք դարձանք Հայաստանի չեմպիոն։ Հիշարժան էր նաև 2015/16- մրցաշրջանը․ մենք նվաճեցինք Հայաստանի գավաթը։ Այդ ժամանակ ես արդեն ամրապնդվել էի՝ որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Իհարկե, չեմ կարող չնշել նաև վերջին տարիները, երբ մեծ ուրախությամբ, հպարտությամբ ու պատասխանատվությամբ կրում էի թիմի ավագի թևկապը։ Բայց սա սպորտ է, և պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման և միշտ նայել ու շարժվել առաջ:

Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլորին՝ ղեկավարությանը, որի հետ ես աշխատել եմ այս տարիների ընթացքում, մարզիչներին, որոնք ինձ շատ բան են տվել և արել ամեն ինչ, որպեսզի զարգացնեմ ու բարելավեմ որակներս, ակումբի ողջ անձնակազմին, բոլոր նրանց, ում հետ ինձ բախտ վիճակվեց աշխատել։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գլխավոր թիմի ողջ անձնակազմին՝ թիմի մենեջերին, բժշկական անձնակազմին։ Հատուկ շնորհակալություն մեր անփոխարինելի ընկեր Հարութին, իմ բոլոր թիմակիցներին ու ընկերներին, որոնք այս տարիների ընթացքում դարձան իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկը։

Եվ իհարկե, շնորհակալություն բոլոր երկրպագուներին` միշտ թիմի կողքին լինելու ու անձնվիրաբար աջակցելու համար։

Շնորհակալ եմ այս ակումբին, այս մեծ ընտանիքին:

Բոլորին շատ սիրում և գրկում եմ։ Մեծ հաջողություններ եմ մաղթում ապագայում: Միշտ առաջ, «Ուրարտու՛»։

Ակումբն իր հերթին մեծ երախտագիտություն է հայտնում Հակոբ Հակոբյանին այստեղ անցկացրած տարիների, նվիրվածության ու «Ուրարտուի» հանդեպ ունեցած անկեղծ սիրո համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։