Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ՍԱ ՏԱՐՎԱ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ Է»

27/05/2021

«Փյունիկի» հետ խաղը վճռական է «Ուրարտուի» համար։ Հաղթանակի դեպքում թիմը եվրագավաթային ուղեգիր կվաստակի։ Հաշվետու հանդիպումից առաջ զրուցել ենք Ռոբերտ Արզումանյանի հետ․

 

«ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԵՏ ՍՊԱՍՎՈՂ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ստացվում է այնպես, որ «Փյունիկի» հետ հանդիպումը դառնում է տարվա եզրափակիչ խաղը։ Հաղթանակի դեպքում կկարողանանք լուծել մեր առջև դրված մինիմալ խնդիրը։ Շատ բարդ ու պատասխանատու հանդիպում է սպասվում։ Վերջին երկու խաղերում հաղթել ենք «Նոային» և «Արարատին», երկուսն էլ տարբեր էին իրենց բնույթով, բայց երկու խաղերում էլ հաջող հանդես եկանք, «Փյունիկի» հետ հանդիպումը կարծում եմ՝ կտարբերվի նախորդներից, լարվածությունն ու պատասխանատվությունն ավելի մեծ է, բայց ֆուտբոլիստների վրա ավելորդ ճնշում չպետք է լինի, նրանք պետք է իրենց ֆուտբոլը ցուցադրեն»։

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՈՒ ԱՎԱՐՏԻ ՄԱՍԻՆ

«Մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակը խոսում է առաջնության թե՛ դրական, թե՛ բացասական կողմերի մասին։ Լավ է, որ այս պահին չեմպիոնության համար մի քանի թիմ է պայքարում, կա մրցակցություն և դա եղել է առաջնության ամբողջ ընթացքում, բայց մյուս կողմից այս անկայուն վիճակը փաստում է, որ թիմերը պետք է ավելի լավ աշխատեն ու կայուն խաղ ցուցադրեն հետագայում»։

«ՓՅՈՒՆԻԿԸ»՝ ՀԱՐԱԶԱՏ ԹԻՄ 

«Փյունիկն» իմ առաջին ակումբն է, որտեղ եղել եմ որպես ֆուտբոլիստ, հետագայում աշխատել եմ որպես մարզիչ։ Չգիտեմ այս ամենի մեջ սիմվոլիզմ կա թե ոչ, բայց ուրախ եմ, որ իմ կարիերայի այդ հատվածն անցկացրել եմ այդ ակումբում։ Բայց դա ոչինչ չի նշանակում։ Ես առաջիկա խաղին վերաբերվում եմ, որպես հերթականի, որին պետք է պատրաստվենք ու հաղթենք»։