Not Selected

Ի՞ՆՉ ԱՆԵԼ. ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՎԱՀԱԳՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ

01/04/2020

Եթե արդեն հասցրել եք դիտել Արսեն Բեգլարյանի առաջարկած ֆիլմերն ու սերիալները ու մտածում եք, թե էլ ինչ կարելի է անել։ Օգնության է հասնում «Ուրարտուի» ֆուտբոլիստ Վահագն Այվազյանը։

Այս անգամ էլ 27-ամյա ֆուտբոլիստն է առաջարկում ձանձրույթից խուսափելու իր տարբերակները․

Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ

Ես կառաջարկեմ իմ ամենասիրելի ֆիլմերից։ Վստահ եմ, որ շատերը դիտել են դրանք, բայց հիմա այնպիսի ժամանակահատված է, որ կարելի է նորից դիտել այդ հրաշալի կինոնկարները։ Առաջարկում եմ դիտել «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը, իսկ տրամադրությունը բարձրացնելու համար խորհուրդ կտամ դիտել «1+1» անկրկնելի կատակերգությունը։

Ի՞ՆՉ ԿԱՐԴԱԼ

Ինքս հիմա կարդում եմ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի «Իմ ինքնակենսագրությունը» գիրքը։ Շատ հետաքրքիր մանրամասներ կան «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր լեգենդի կյանքից։ Անվանի մասնագետի խորհուրդներն էլ կարևոր են ոչ միայն ֆուտբոլիստների, այլև բոլոր համար։

Ի՞ՆՉ ՍԵՐԻԱԼ ԴԻՏԵԼ

Եթե չեք դիտել, ապա անպայման դիտեք «Սև ցուցակ» (“The Blacklist”) սերիալը։ Այն շատ հետաքրքիր լուծումներով ու զարգացումներով կինոնկար է։ Վստահ եմ, որ այն ավելի հետաքրքիր կդարձնի ձեր կյանքն այս շրջանում։

Ի՞ՆՉ ԼՍԵԼ

Վերջերս դիտեցի “Project LA”-ի մենահամերգի տեսագրությունը։ Գոռ Սուջյանի կատարումները պարզապես հիացրին ինձ։ Խորհուրդ կտամ «Յութուբում» փնտրել ու լսել նրանց երգերը։ Չեք փոշմանի։

Ի՞ՆՉ ԽԱՂԱԼ

Քանի որ հիմնականում բոլորը սմարթֆոններով են օգտվում, ես խորհուրդ կտայի խաղալ “PES2020”-ի հեռախոսային տարբերակը։ Այն լավ գրաֆիկա ունի ու կան հետաքրքիր առաջնություններ, որոնց կարելի է մասնակցել։ Դա նույնպես կարող է ձեր ժամանակն ավելի հետաքրքիր դարձնել։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս ժամանակահատվածում ամենակարևոր խորհուրդը՝ տանը մնալն է։ Եղեք տանը, գտեք հետաքրքիր զբաղմունքներ, մնացեք ձեր հարազատների կողքին։ Տանից դուրս չգալով մենք առաջին հերթին օգնում ենք ինքներս մեզ՝ առողջ մնալ, նաև օգնում ենք բժիշկներին, որ նրանք էլ հնարավորինս թեթև գրաֆիկով աշխատեն ու առավելագույնս շուտ կարողանան բուժել վարակվածներին։