Not Selected

ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆՆԵՐԸ՝ ՍԼՈՎԵՆԻԱՅԻՑ․ 10 ՓԱՍՏ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

15/06/2021

Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ «Ուրարտուին» բաժին ընկավ սլովենական «Մարիբորը»։ Ստորև ներկայացնում ենք փաստեր «Ուրարտուի» մրցակցի մասին․

1. Սլովենիայի մեծությամբ երկրորդ քաղաքի համանուն թիմը հիմնադրվել է 1960 թվականին։ «Մանուշակագույնները» սլովենական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմն են։ 15 անգամ դարձել են երկրի չեմպիոն, 9 անգամ գավաթակիր, 4 անգամ սուպերգավաթակիր։

2․ Ավարտված մրցաշրջանում «Մարիբորը» չեմպիոն հռչակված «Մուրայի» հետ միասին վաստակել է 63 միավոր, թիմը մինչև վերջին տուրը միանձնյա գլխավորում էր Սլովենիայի Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը, սակայն վերջին տուրում պարտվեց 1-3 հաշվով «Մուրային» և լրացուցիչ ցուցանիշների հաշվարկով զիջեց չեմպիոնությունը։

3. Թիմը հիմնականում համալրված է տեղացի ֆուտբոլիստներով, ավարտված մրցաշրջանում հանդես են եկել 5 լեգեոներներ։ Թիմի միջին տարիքը 25 է։

4. Ուշագրավ է, որ թիմի ավագը ազգությամբ բրազիլացի Մարկոս Տավարեսն է։ 37-ամյա հարձակվողն այս թիմում է 2007/08 մրցաշրջանից։ Տավարեսը «Մարիբորի» հետ 8 անգամ ճանաչվել է Սլովենիայի չեմպիոն, 4 անգամ գավաթակիր։ Հատկանշական է, որ բրազիլացի ֆուտբոլիստն այս ակումբի պատմության ընթացքում ամենից շատ հանդիպում անցկացրած ու ամենից շատ գոլ խփած ֆուտբոլիստն է։

5. Թիմի գլխավոր մարզիչը Սիմոն Ռոժմանն է։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի մարտից։ Նախկինում 38-ամյա մասնագետը աշխատել է սլովենական «Դոմժալե» և «Ցելյե» ակումբներում, ինչպես նաև խորվաթական «Ռիեյկա» ակումբում։

6. Ավարտված մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկուն 22-ամյա Յան Մլակարն էր, որը 35 խաղում դարձել էր 15 գոլի հեղինակ։ Մլակարը նաև Սլովենիայի ազգային հավաքականի անդամ է:

7. «Մարիբորի» 4 ֆուտբոլիստներ՝ Մարտին Միլեցը, Նեմանյա Միտրովիչը, Յան Ռեպասը և Յան Մլակարը համարվում են Սլովենիայի հավաքականի թեկնածուներ, իսկ Իլիյա Մարտինովիչը ներկայացնում է Մոնտենեգրոյի ազգային հավաքականը։

8. «Մանուշակագույնները» պարբերաբար հանդես են եկել նաև Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկությունների խմբային փուլերում։ 2017/18 մրցաշրջանում «Մարիբորը» հանդես է եկել Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում, իսկ եվրագավաթային վերջին ելույթը թիմն ունեցել է նախորդ տարի ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում։ Թիմը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում զիջել է հյուսիսիռլանդական «Կոլերեյնին»։

9. «Մարիբորն» իր տնային հանդիպումներն անցկացնում է համանուն քաղաքի «Լյուդսկի վրտ» մարզադաշտում, որը տեղավորում է մոտ 13․000 հանդիսական։ Այս մարզադաշտում է իր տնային հանդիպումներն անցկացնում նաև Սլովենիայի ազգային հավաքականը։

10. Սլովենական թիմերից երկուսը նախկինում մրցել են հայկական թիմերի հետ եվրագավաթային մրցասպարեզում։ 2017/18 թթ մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում «Գորիցային» զիջեց ընդհանուր 4-2 հաշվով (2-2, 2-0), իսկ 2020/21 թթ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում 1-0 հաշվով առավելության հասավ «Ցելյեյի» նկատմամբ։