Not Selected

ԼԱՐՎԱԾ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԵՑԻՆՔ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻՆ»

10/10/2022

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ շրջանի մեկնարկային տուրում մեր թիմը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Արարատ-Արմենիա»-ի նկատմամբ: Հանդիպման միակ գոլը 11-մետրանոցից հեղինակեց Լեոն Սաբուան։

Հաշվի առնելով, որ երկու թիմերն էլ սիրում են դոմինանտ ֆուտբոլ խաղալ, դաշտում գնդակի համար պայքարը սկսվեց հենց առաջին վայրկյաններից։ Արդեն երրորդ րոպեին տանտերերը կարող էին բացել հանդիպման հաշիվը, սակայն մեր դարպասապահ Մելիխովն այս դրվագում փայլուն խաղաց ու փրկեց թիմին։ Հարկ է նշել, որ մեր պահերը եզրափակում չունեին, իսկ մրցակցի ստեղծած պահերը, չնայած ավելի վտանգավոր էին, բայց նույնպես չէին հասնում իրենց տրամաբանական ավարտին։

33-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» հակագրոհի ժամանակ մեր պաշտպան Նանա Անտվին խախտեց կանոնները՝ մրցակցին թույլ չտալով մեն-մենակ դուրս գալ մեր դարպասապահի դիմաց, ինչի համար կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից։ Այս դրվագից հետո երկու թիմերի մասնակցությամբ անհամաձայնություն սկսվեց խաղադաշտում միմյանց և մրցավարների հետ: Արդյունքում մեր թիմը մնաց փոքրաթիվ ոչ միայն խաղադաշտում, այլև տեխնիկական գոտում, խաղադաշտից հեռացվեց նաև թիմի մարզիչ Դմիտրի Կուդրյաշովը։ Մեր թիմին հաջողվեց շարունակել իր խաղը։ Առաջին խաղակեսի հենց վերջնամասում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին կանոնները, ինչի արդյունքում Լեոն Սաբուան բացեց հանդիպման հաշիվը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը։ Թիմերը ընդմիջման գնացին «Ուրարտուի» նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսի մեկնարկը տանտերերի բացահայտ առավելությամբ էր ընթանում։ Կարելի է ասել, որ խաղակեսի առաջին 20 րոպեներն կայացան մեր կիսադաշտում։ Մի քանի դրվագում Մելիխովը թիմին փրկեց անխուսափելի գոլերից։ 63-րդ րոպեին մեր թիմի գրոհներից մեկի ժամանակ «Ուրարտուի» կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը հեռահար հարվածով կարող էր գրավել Վսևոլոդ Երմակովի պաշտպանած դարպասը, բայց, ցավոք, գնդակը դիպավ դարպասաձողին։ Մինչ խաղի ավարտը «Արարատ-Արմենիան» անդադար պահեր էր ստեղծում ու փորձում փրկել խաղը, սակայն շատ դրվագներում փայլուն գործողություններով աչքի էր ընկնում մեր դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը։ Այսպիսով, այլ գոլեր չգրանցվեցին, և «Ուրարտուն» տոնեց իր երրորդ անընդմեջ հաղթանակը՝ ամրապնդելով առաջատարի իր դիրքը մրցաշարային աղյուսակում։

Հավելենք, որ հաջորդ տուրում մեր տղաները սեփական հարկի տակ կընդունեն «Շիրակին»։ Հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-1

0-1 Լեոն Սաբուա (45+1' 11մ)

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»․ 45. Վսեվոլոդ Երմակով, 23. Ստյոպա Մկրտչյան, 2. Գիլյերմե դե Սոուզա, 20. Ալվին Թերա (6. Ուբեյմար Անգուլո 63'), 14. Մաիլսոն Լիմա (18. Արտյոմ Ավանեսյան 69'), 19. Կարեն Մուրադյան (ա), 30. Ռոմերսիո Պերեյրա, 7. Ուգո Ֆիրմինո, 15. Յեննե Տենտոն (11. Ջոնաթան Դուարտե 63'), 55. Հակոբ Հակոբյան, 9. Ագդոն Մենեզես (88. Ուիլֆրեդ Էզա Կուասի 69')։

Պահեստայիններ՝  1. Հայկ Խաչատրյան, 18. Արտյոմ Ավանեսյան, 6. Ուբեյմար Անգուլո, 55. Դավիթ Տերտերյան, 3. Խոսե Բուենո, 88. Ուիլֆրեդ Էզա Կուասի, 10. Արմեն Համբարձումյան, 11. Ջոնաթան Դուարտե, 8. Գևորգ Ղազարյան, 22. Միլոշ Ստամենկովիչ։

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 2. Նանա Անտվի, 4. Եվհենի Ցիմբալյուկ, 6. Արման Ղազարյան, 88. Ժիրայր Մարգարյան (ա), 19. Սերգեյ Մկրտչյան (33. Մարկոս Ժունիոր 86'), 9. Նարեկ Աղասարյան (90. Օլեգ Պոլյակով 46' (67. Վադիմ Պարամոնով 90+4'), 8. Ուգոչուկվու Իվու, 21. Նարեկ Գրիգորյան (36. Խարիտոն Այվազյան 71'), 18. Լեոն Սաբուա (27. Դավիթ Խուրցիձե 46'), 10. Կարեն Մելքոնյան։

Պահեստայիններ՝ 24. Արսեն Բեգլարյան, 1. Հայկ Ղազարյան, 25. Էդգար Գրիգորյան, 34. Էրիկ Փիլոյան, 36. Խարիտոն Այվազյան, 67. Վադիմ Պարամոնով, 27. Դավիթ Խուրցիձե, 33. Մարկոս Ժունիոր, 90. Օլեգ Պոլյակով, 13. Դմիտրո Խլյոբաս, 15. Մաքսիմ Մայրովիչ։