Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՄԵՐ ԵՐԿՈՒ ՊԼԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՅՍՕՐ ԱՇԽԱՏԵՑ»

15/10/2022

«Շիրակի» նկատմամբ տոնած հաղթանակի ու խաղի մասին իր կարծիքն է հայտնել «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մենք ծանր խաղ էինք սպասում, ու այդպես էլ ստացվեց։ Մանրակրկտորեն պատրաստվել էինք ու ունեինք խաղը կառուցելու մի քանի տարբերակ, երկու պլաններից մեկն աշխատեց»։

ՄԱՅՐՈՎԻՉԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

«Իսկ Դուք գիտե՞ք, որ Խլյոբասը նույնքան գոլ է խփել, որքան Մայրովիչը։ Մեր կազմում 20 ֆուտբոլիստ կա, որոնք պետք է պատրաստ լինեն՝ ինչպես մեկնարկից խաղադաշտ դուրս գալու, ինչպես ընդմիջմանը, ինչպես 5-րդ, այնպես էլ 95-րդ րոպեներին։ Իմ կարծիքով, հենց սրա շնորհիվ այսօր մենք հաղթանակի հասանք։ Ուստի մենք նայում ենք մրցակցին, նրան, թե ինչպես է նա խաղում, բնականաբար, նրան՝ ինչպես են իրենց դրսևորում ֆուտբոլիստները, աշխատու՞մ է արդյոք մեր պլանը, ինչից հետո էլ կատարում ենք փոխարինումները»։

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԼԻՆԵԼՈՒ ՈՒ ԴՐԱ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿՈՂՄԵՐԻ ՄԱՍԻՆ

«Շատ ճիշտ եք նկատել, որ յուրաքանչյուր մրցակից հատուկ ձևով է տրամադրվում, որքան երկար է թիմը գտնվում առաջատարների շարքում, դա նյարդային առումով բավական ուժեղ է ազդում մրցակցի վրա, բայց չէի ասի, որ դա ինչ-որ բեռ է թիմի համար, երևի Ձեր տեսանկյունից դա ավելի լավ է երևում, ես չէի ուզի, որ դա ճնշեր ֆուտբոլիստներին, կուզեի՝ նրանք հաճույք ստանային դրանից»։

ԴԱՎԻԹ ԽՈՒՐՑԻՁԵԻ ԽԱՂԻ ՈՒ ՆՐԱ՝ ԽԱՂԱՅԻՆ ՍԽԵՄԱՅԻՆ ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ֆուտբոլիստներին չեմ առանձնացնում՝ խուսափելով հենց նրանց տարատեսակ ռեակցիաներից, այս պահին, կրկնում եմ, բոլոր ֆուտբոլիստները հավասար են, բոլորը հասկանում են խաղի ոճն ու սկզբունքը, ես կուզեի բոլորին միանգամից դուրս բերել, բայց դաշտ է դուրս գալիս նրանցից միայն մեկը։ Ճիշտ եք նկատել, որ Խուրցիձեն խաղի մեջ է մտել և կատարում է այն ծավալի աշխատանքն ու ֆունկցիաները, որոնք տրվում է նրան իր դիրքում, ու այդ շրջանակը նրա մոտ բավական լայն է, ինչպես նկատել եք․ առաջադրանքները տարբեր էին առաջին ու երկրորդ խաղակեսերում»։

ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մենք գիտենք Արմանի բոլոր լավ կողմերը, գիտենք բոլորի թերությունները, որովհետև իդեալական ֆուտբոլիստներ չկան, նույնիսկ բարձր մակարդակում մրցակիցներն ու մարզիչները փնտրում են թերություններ նրանց մոտ ու փորձում են օգտվել դրանցից։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար կարևոր է թաքցնել դա, որպեսզի չերևան այն որակները, որոնք կարող են բացասականորեն ազդել խաղի վրա, ու ցույց տալ լավ կողմերը։ Սա վերաբերում է բացառապես բոլոր ֆուտբոլիստներին, ոչ բոլորն են գրոհի լավ սկիզբ ունենում, ոչ բոլորն ունեն լավ հարվածներ, փոխանցումներ։ Կարծում եմ՝ Արմանը ճիշտ ուղղությամբ է զարգանում, բոլորս կարող ենք նրա խաղը գնահատել, հետո արդեն հավաքականի մարզիչը որոշում կկայացնի»։