Not Selected

ԲԿՄԱ-2-Ի ՀԵՏ ԽԱՂՈՒՄ ԲԱՑ ԹՈՂԵՑԻՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԸ

26/10/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 13-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի գրանցեց ԲԿՄԱ-2-ի հետ պայքարում։ Մեր թիմի միակ գնդակը խփեց Արթուր Իսրայելյանը, հյուրերից էլ աչքի ընկավ Արայիկ Էլոյանը։

«Ուրարտու-2»-ն ու ԲԿՄԱ-2-ը միմյանց հետ հանդիպել էին դեռ մրցաշրջանի սկզբում։ Ավանի ակադեմիայում կայացած խաղում մեր տղաները զիջել էին խոշոր՝ 6-0 հաշվով։ Մեր հարկի տակ խաղն այլ բովանդակություն ունեցավ։ «Ուրարտու-2»-ը հանդիպումը բավական ակտիվ սկսեց՝ նախաձեռնությունը վերցնելով իր ձեռքը։ Հյուրերն էլ պասիվ չէին գործում, այնպես որ առաջին խաղակեսում հնարավոր կլիներ գոլեր տեսնել, եթե երկուստեք գրոհներն իրենց եզրափակումներն ունենային։ Մեր թիմի ամենաիրական պահը ստեղծվեց խաղակեսի միջնամասում Կարեն Դավթյանի հարվածից հետո, որի ժամանակ գործողության մեջ տեսանք մրցակցի դարպասապահին։ Շատ չանցած էլ Հարություն Ստեփանյանը կարող էր բացել հաշիվը, սակայն չստացվեց։ Չնայած ստեղծած բազմաթիվ պահերին՝ երկու դարպասներն էլ մնացին անխոցելի մինչ խաղակեսի ավարտը։

Երկրորդ խաղակեսում տեմպը նույնքան բարձր էր, ավելի մեծ ակտիությամբ էին գործում տանտերերը։ Խաղի 59-րդ րոպեին հերթական դիրքային գրոհը տվեց իր արդյունքը։ Գնդակն ստանալուց հետո վերահսկողությունից դուրս մնացած Արթուր Իսրայելյանը գրավեց ԲԿՄԱ-2-ի դարպասը։ Գոլից հետո մեր տղաների մոտ ավելացավ երկրորդը խփելու ցանկությունը, բանակայիններն էլ փորձում էին պատասխան գնդակը խփել։ Վերջիններս շատ մոտ էին դրան 80-րդ րոպեին՝ Արայիկ Էլոյանի հարվածից հետո, բայց այդ դրվագում փայլեց մեր դարպասապահ Մխիթար Ումրեյանը։ Պատասխան գրոհի ժամանակ էլ Համլետ Սարգսյանը հարվածի դուրս բերեց Կարեն Դավթյանին, սակայն նրա հարվածն էլ որսաց մրցակցի դարպասապահ Գոռ Մատինյանը։ Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին ի վերջո ԲԿՄԱ-2-ը կարողացավ խփել պատասխան գնդակն ու ոչ-ոքի կորզել այս խաղում։ Գեղեցիկ գոլով աչքի ընկավ Արայիկ Էլոյանը։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը «Ուրարտուի» երկրորդ թիմը կանցկացնի հոկտեմբերի 31-ին՝ հյուրընկալվելով «Գանձասարին»։ Կապանի Քաղաքային մարզադաշտում խաղը կմեկնարկի 14։30-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - ԲԿՄԱ-2 1-1

1-0 Արթուր Իսրայեյան (59'), 1-1 Արայիկ Էլոյան (90')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22․ Մխիթար Ումրեյան, 12․ Արա Ջոլաքյան, 39․ Նարեկ Դավթյան (ա), 35․ Իսաակ Բարրի, 27․ Գառնիկ Մինասյան, 23․ Լևոն Բաշոյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան, 9․ Արթուր Իսրայելյան, 16․ Էդիկ Վարդանյան, 21․ Հարություն Ստեփանյան։ 

Պահեստայիններ՝ 1․ Սուրեն Ղազարյան, 5․ Արթուր Թալասյան, 38․ Դեյվիդի Բույու, 26․ Կարեն Գալստյան, 70․ Արման Մարտիրոսյան, 18․ Համլետ Սարգսյան, 13․ Էդգար Ղուլինյան, 6․ Էրիկ Ամիրխանյան, 7․ Հայկ Ղազարյան, 77․ Ալիկ Մկրտչյան։ 

ԲԿՄԱ-2․ 29. Գոռ Մատինյան, 43․ Վարդան Թովմասյան, 45․ Դավիթ Հակոբյան, 31․ Յուրի Մարտիրոսյան, 33․ Գոռ Առաքելյան (ա), 26․ Համլետ Մինասյան, 36․ Վահրամ Մախսուդյան, 40․ Հարություն Ասատրյան, 47․ Ռուբեն Աբրահամյան, 28․ Վաչե Հակոբյան, 35․ Արմեն Սարգսյան։ 

Պահեստայիններ՝ 12․ Ռաֆայել Մինասյան, 49․ Վոլոդյա Մելքոնյան, 13․ Տիգրան Սարգսյան, 27․ Արայիկ Էլոյան, 41․ Հայկ Սիմոնյան, 21․ Նարեկ Հովհաննիսյան, 32․ Սուրեն Ապրեսյան, 46․ Դանիել Զաքարյան, 42․ Իշխան Դարբինյան, 39․ Հովհաննես Կիրակոսյան։