Not Selected

ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ՝ «ՄԻԿԱՅԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

11/11/2022

Հայաստանի առաջին խմբի առաջնության 15-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ 4-1 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ։ Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդիկ Վարդանյանը, մեկական անգամ աչքի ընկան Դավիթ Հարությունյանն ու Արա Ջոլաքյանը, իսկ հյուրերի միակ գոլը հեղինակեց Էդգար Մանուկյանը։

Հանդիպման առաջին րոպեներից նախաձեռնությունը մեր թիմինն էր, իսկ մրցակիցը հիմնականում հակագրոհներ էր կազմակերպում։ Մեր տղաների ճնշումն իր արդյունքը տվեց արդեն 9-րդ րոպեին, դիպուկ հարվածով Լևոն Տեր-Մինասյանի դարպասը գրավեց Էդիկ Վարդանյանը։ Գոլից հետո հաշիվը կրկնապատկելու լավ հնարավորություն ուներ Համլետ Սարգսյանը, սակայն նրա հարվածից հետո գնդակն անցավ դարպասաձողի կողքով։ Այնուհետև մեր տղաները ևս մի քանի պահ ունեցան, բայց ստեղծված իրավիճակները տրամաբանական ավարտ չգտան։ «Միկայի» ֆուտբոլիստներն էլ անընդհատ փորձում էին որսալ մեր տղաների սխալներն ու այդպես գրոհներ կազմակերպել, բայց չէր ստացվում գործն ավարտին հասցնել։ 37-րդ րոպեին Հարություն Ստեփանյանը հարված կատարեց, բայց թիմին վնասվածքի գնով փրկեց դարպասապահ Մինասյանը։ Անկյունայինի խաղարկումից հետո Էդիկ Վարդանյանը կարողացավ ի վերջո կրկնապատկել մեր թիմի առավելությունը։ Խաղակեսի ավարտին էլ կրկին կարող էր աչքի ընկնել Համլետ Սարգսյանը, բայց գնդակը, շրջանցելով մրցակցի դարպասապահին, դիպավ դարպասաձողին։

Երկրորդ խաղակեսի մեկնարկը նույնպես ակտիվ ստացվեց. երկու թիմերն էլ վտանգավոր պահեր էին ստեղծում ու կարծես ճնշում միմյանց պաշտպանությունը։ 66-րդ րոպեին Կարեն Դավթյանը մրցակցի տուգանային հրապարակում կասեցրեց գնդակը, սակայն փայլուն անցումից ու հարվածից հետո «Միկային» փրկեց դարպասապահը։ 70-րդ րոպեին Դավիթ Հարությունյանը հիանալի խաղաց եզրում ու հասնելով հարմար կետի՝ հարվածեց դարպասին և խփեց «Ուրարտու-2»-ի երրորդ գնդակը։ Չուշացավ նաև մեր թիմի չորրորդ գոլը․ հերթական անգամ օգտվելով «Միկայի» պաշտպանների սխալից՝ Դավիթ Հարությունյանը գոլային փոխանցում կատարեց տուգանային հրապարակում գտնվող Արա Ջոլաքյանին, որն էլ այս խաղում խփեց ոչ միայն «Ուրարտու-2»-ի չորրորդ գոլը, այլև իր առաջինը՝ թիմի կազմում։ Հանդիպման վերջին րոպեին դիպուկ խաղից հետո Էդգար Մանուկյանը խփեց «հեղինակության գնդակը»՝ այսպիսով վերջակետ դնելով հանդիպմանը։

Հավելենք, որ հաջորդ տուրում մեր տղաները կհյուրընկալվեն «Վեստ Արմենիային»։ Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում հանդիպումը կմեկնարկի 14։00-ին։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՄԻԿԱ» 4-1

1-0 Էդիկ Վարդանյան (9'), 2-0 Էդիկ Վարդանյան (39'), 3-0 Դավիթ Հարությունյան (70'), 4-0 Արա Ջոլաքյան (76'), 4-1 Էդգար Մանուկյան (90+4')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 55. Հայկ Ղազարյան, 12․ Արա Ջոլաքյան, 18․ Համլետ Սարգսյան, 9․ Արթուր Իսրայելյան, 21․ Հարություն Ստեփանյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան (ա), 35․ Իսաակ Բարրի, 29․ Խաչատուր Կիրակոսյան, 14․ Դավիթ Հարությունյան, 16․ Էդիկ Վարդանյան։

Պահեստայիններ՝ 1․ Սուրեն Ղազարյան, 6․ Էրիկ Ամիրխանյան, 23․ Լևոն Բաշոյան, 7․ Հայկ Ղազարյան, 77․ Ալիկ Մկրտչյան, 5․ Արթուր Թալասյան, 11․ Էրիկ Ղուլինյան, 27․ Գառնիկ Մինասյան, 17․ Էրիկ Ասատրյան, 20․ Ալիկ Գասպարյան, 19․ Կարեն Թալասյան, 25․ Դավիթ Ղիասյան։

«ՄԻԿԱ»․ 77. Լևոն Տեր-Մինասյան, 11․ Հայկ Գալստյան (ա), 4․ Հայկ Բաղյան, 10․ Էրիկ Անանյան, 20․ Հենրիկ Մաթևոսյան, 24․ Հմայակ Ալեքսանյան, 7․ Էդգար Մանուկյան, 17․ Նարեկ Սարգսյան, 9․ Ռոման Միքայելյան, 25․ Դավիթ Նալբանդյան, 5․ Նորայր Իսկանդարյան։ 

Պահեստայիններ՝ 99․ Արսեն Չաթոյան, 23․ Արմեն Շտիկյան, 3․ Կարեն Ավագյան, 18․ Մարտին Սարգսյան, 15․ Արմեն Խաչատրյան, 22․ Անդրանիկ Կարապետյան, 14․ Ալյոշա Խաչատրյան, 2․ Լևոն Դոնագանյան, 26․ Բորիս Մխիթարյան, 6․ Հովիկ Միրզոյան, 21․ Արման Իսպիրյան։