Not Selected

ԱՆՑՆՈՂ 2022-Ն «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ՀԱՄԱՐ․ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԸ

07/12/2022

Մարզչական ու թիմային նոր կազմով «Ուրարտու-2»-ն ավարտեց 2022-ին իր ելույթները։ Ամփոփել ենք անցնող տարին ու առանձնացրել թիմում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունները․

ՄԻՆՉՄՐՑԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՒԼԸ՝ ՆՈՐ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԹԻՄՈՎ

Նոր մեկնարկող՝ 2022/23 մրցաշրջանի նախապատրաստական փուլում «Ուրարտու-2»-ն ամռանը հերթական անգամ արտասահմանյան հավաքի մեկնեց։ Նոր մարզչական շտաբի գլխավորությամբ թիմը Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքում բավական հագեցած ու մարզիչների գնահատմամբ արդյունավետ նախապատրաստական շրջան անցկացրեց։ Իգոր Պադերինն ու իր շտաբը երիտասարդ կազմ էին ձևավորել, որով թիմը մեկնարկեց ու ավարտեց առաջնության աշնանային հատվածը։ Իսկ թե ի՞նչ արդյունքներ գրանցեց այս հատվածում, կարդացեք ստորև։

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԸ՝ ՊԱԴԵՐԻՆԻ ՏՂԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Առաջնությունում լինելով ամենաերիտասարդ թիմերից մեկը (միջին տարիքը՝ 17․6)՝ «Ուրարտու-2»-ի ելույթները ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում դրական կարելի է գնահատել։ Մրցաշրջանը թիմը մեկնարկեց հաղթանակով՝ առաջին տուրում սեփական հարկի տակ առավելության հասնելով առաջնության նորեկ «Սյունիքի» նկատմամբ։ Անդրանիկ խաղում թիմի առաջին գոլն էլ հեղինակեց հարձակվող Կարեն Դավթյանը 11-մետրանոց հարվածով։

2022/23 մրցաշրջանի աշնանային հատվածում անցկացրած 18 խաղերում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներին մրցակիցների դարպասը գրավել հաջողվել է 32 անգամ՝ սեփականն ընդունելով 34-ը։ Թիմի հաշվին գրանցվել է 7 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 9 պարտություն։ Այսպիսով, «Ուրարտու-2»-ը առաջնության մասնակից 12 թիմերի հետ պայքարում վաստակած 23 միավորով աշնանային հատվածն ավարտեց 7-րդ հորիզոնականում։ Առաջատարի կարգավիճակում «Արարատ-2»-ն է՝ 43 միավորով։

ՏԱՐԲԵՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ԱՉՔԻ ԸՆԿԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ

Թիմի ռմբարկուն առաջնության այս հատվածում խփած 9 գոլով Հարություն Ստեփանյանն է։ Նրան խփած 4 գնդակով հաջորդում է Լևոն Բաշոյանը, իսկ 3-ական գոլ հեղինակել են Դավիթ Հարությունյանը, Կարեն Դավթյանն ու Համլետ Սարգսյանը։ 

Թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստները, որոնք նաև հասցրել են իրենց անվան դիմաց գոլ գրանցել, Դավիթ Հարությունյանն ու Էրիկ Ասատրյանն են (2007թ․)։ Ի դեպ, նրանք միակը չէին, ովքեր այս տարի «Ուրարտու-2»-ի կազմը համալրեցին մեր ակադեմիայի տարբեր թիմերից։ Նրանց շարքում են նաև Էդիկ Վարդանյանը, Հայկ Ղազարյանը, Գառնիկ Մինասյանը, Էրիկ Ասատրյանը, Խաչատուր Կիրակոսյանը, Ալիկ Մկրտչյանը, Արթուր և Կարեն Թալասյանները։ Ոմանց էլ հաջողվեց տեղ գտնել նաև թիմի հիմնական կազմում։

Կլինեն կազմում այլ փոփոխություններ, թե ոչ, պարզ կդառնա ձմեռային հանգստից վերադառնալուց հետո, բայց մի բան հստակ է․ «Ուրարտու-2»-ը վերադառնալու է ավելի ուժեղ ու փորձելու է լուծել նոր խնդիրներ։