Not Selected

2015/16 ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ԳԱՎԱԹԻ ԵՐՐՈՐԴ ՆՎԱՃՈՒՄՆ ԷՐ

08/05/2022

Իր պատմության երրորդ գավաթը «Բանանցը» (այժմ՝ «Ուրարտու»)  նվաճեց 2016-ին։ Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ թիմը 2-0 հաշվով հաղթանակի հասավ «Միկայի» նկատմամբ։  

ԵՐԿՈՒ ԵԶՐԱՓԱԿԻՉ՝ ՏԱՐԲԵՐ ՍՑԵՆԱՐՆԵՐՈՎ

2007-ին երկրորդ գավաթը նվաճելուց հետո «Բանանցն» սկսեց բավական լավ հանդես գալ նաև առաջնությունում։ 2013/14 մրցաշրջանում թիմը կարողացավ իր առաջին չեմպիոնությունը տոնել նաև Բարձրագույն խմբում։ Իսկ գավաթի այդ և հաջորդ մրցաշրջանի խաղարկություններում մեր տղաները ելույթներն ավարտեցին կիսաեզրափակիչներում։

Հայաստանի գավաթի 2015/16 մրցաշրջանում «Բանանցն» ի վերջո կարողացավ հայտնվել եզրափակչում՝ հաղթահարելով «Ալաշկերտի» արգելքը, որտեղ էլ մեր մրցակիցը «Միկան» էր։ Թիմերը միմյանց հետ երկրորդ անգամ էին հայտնվել գավաթի եզրափակչում։ Առաջինը 2003-ի մայիսի 27-ին էր․ «Հանրապետական» մարզադաշտում «Միկան» Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ խաղավարտից 3 րոպե առաջ կարողացավ վճռել գավաթի ճակատագիրը։

Մինչ 2016-ի եզրափակիչն էլ մրցակիցների գավաթային վերջին դիմակայությունը 2015-ին էր։ Այդ խաղում եզրափակչի ուղեգիրը մերոնք զիջել էին «Միկային»։ Բայց այնտեղ նրանց ճանապարհին կանգնել էր «Փյունիկը»:

ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ԵՐԿՈՒ ԹԻՄԵՐԻ ՀԱՄԱՐ 90-ՐԴՆ ԷՐ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

2016-ի մայիսի 4-ին «Հանրապետական» մարզադաշտում թիմերը կրկին հանդիպեցին։ Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ «Բանանցը» 2-0 հաշվով պարտության մատնեց «Միկային» և իր պատմության մեջ երրորդ անգամ դարձավ գավաթակիր:

Հաշիվը հանդիպման 3-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով բացեց Լաերսիոն, իսկ առաջին խաղակեսի ավարտից յոթ րոպե առաջ Ացամազ Բուրաևը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահ Արսեն Բեգլարյանի դեմ ու վստահորեն կրկնապատկեց հաշիվը: 

ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԳԱՎԱԹԱԿԻՐ ԴԱՌՆԱԼ

Հայաստանի գավաթն առաջին անգամ իրենց գլխավերևում պահեցին մեր թիմի ներկայիս ավագ Հակոբ Հակոբյանը, որը 2016-ի եզրափակչում մեկնարկային կազմում էր ընդգրկված, և մեր թիմի դարպասապահների մարզիչ Ստեփան Ղազարյանը, որն այդ խաղում կատարում էր թիմի ավագի պարտականությունները։

Ստեփան Ղազարյանը հիշել է երրորդ գավաթը նվաճելու իր զգացողությունների մասին․

«Առաջին խաղակեսում վճռեցինք խաղի ելքը ու մեծ վստահություն կար թիմի մոտ, որ այդ օրը գավաթը մերն է լինելու, խաղի սկզբից էլ այդպես էինք տրամադրված։ Ես ինքս՝ որպես թիմի ավագ մեծ ուրախություն ու հպարտություն էի զգում, մեծ պատիվ է ունենալ նվաճում, որը պատմություն կդառնա ակումբի ու քեզ համար։ Հույս ունեմ՝ այսօր էր կապրեմ նույն զգացողությունները, ինչ 6 տարի առաջ՝ արդեն որպես մարզիչ։ Վստահ եմ, որ տղաներն այսօր այդ ուրախությունը կպարգևեն մեզ»։ 

Այսպիսով, «Ուրարտուն» մայիսի 8-ին կփորձի գնալ հերթական նվաճման ետևից։ Գավաթի եզրափակչում մեր տղաները կմրցեն «Նորավանքի» հետ։ Հանրապետական մարզադաշտում հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։