Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐՈՑԵՍ Է, ՈՐՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՃԱՆԱՉԵԼ ՄԻՄՅԱՆՑ»

14/07/2022

Սերբիայում ընթացող երկշաբաթյա հավաքը կեզրափակվի վերջին երկու ստուգողական խաղերով։ Ինչպիսի ընթացք ունեցավ այն ու ինչ է նախատեսվում Երևան վերադառնալուց հետո՝ պատմել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։

ՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

«Հավաքն իր «ամենաթեժ» կետում է, մեզ եզրափակիչ երկու հանդիպում է մնացել, հավաքի կես անցել ենք, ունեցել ենք 3 խաղ, բաշխել ենք խաղային ժամանակն ու կարող եմ ասել, որ հավաքն անցնում է ըստ պլանավորածի։ Այժմ մեզ մոտ առաջ են գալիս որոշակի պահանջներ, որոնք ֆուտբոլիստների համար են նոր, փորձում ենք ավելի կատարելագործել այն լավ բաները, որոնք առկա էին թիմում, ուստի գտնում ենք խաղակցվածությունը, ֆուտբոլիստներին ավելի լավ ենք ճանաչում, նրանք են մեր պահանջներն ավելի հստակ իմանում, այսպես աշխատանքային պրոցես է ընթանում»։

ԹԻՄԻ ՆՈՐԵԿՆԵՐԻ ՈՒ ՆՈՐ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Նոր տրանսֆերներ, հուսով եմ, դեռ կունենանք։ Իհարկե, հարձակման դիրքի երկու ֆուտբոլիստ արդեն միացել է մեզ․ Մայրովիչին, կարծում եմ, գիտեն Հայաստանի առաջնությունից, նա խաղացել է «Նոայում»։ Ֆուտբոլիստը կարողանում է փակել հարձակման գծի երեք դիրքերը, կարողանում է խաղալ թե՛ առաջ քաշված հարձակվողի դիրքում, թե՛ երկու եզրերից։ Ինչ վերաբերում է մյուս ֆուտբոլիստին՝ Սաբուային, մենք նրան գիտենք ռուսական «Կրասնոդարից», որակապես բավական լավ հարձակվող է, որը կարողանում է ավելի սուր գրոհների ժամանակ գործել, կարծում եմ՝ նա օգտակար կլինի հենց մեր հարձակողական գործողությունների սրացման ու գրոհների եզրափակման ժամանակ»։

ՄԻՆՉ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հուլիսի 15-ին երկու խաղ ենք ունենալու, և դրանց արդյունքում էլ հնարավոր կլինի հավաքն ամփոփող հիմնավոր եզրահանգումների գալ։ Երևան վերադառնալով մենք նախատեսում ենք մեկ ստուգողական հանդիպում ունենալ, մրցակիցը կախված կլինի օրացույցից, որին մենք անհամբերությամբ սպասում ենք, գիտենք, որն առաջնության մեկնարկը նշվում է հուլիսի 30-ին, բայց մրցակիցներն առայժմ չկան, սպասում ենք խաղային գրաֆիկին, որից էլ կախված կլինի, թե ում հետ կանցկացնենք ստուգողական խաղն անմիջապես առաջնությունից առաջ, այսպիսին է մեր առաջիկա ծրագիրը»։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

«Սպասում ենք երկրպագուներին մարզադաշտում, ցանկանում եմ, որ նրանք գան, մենք էլ կփորձենք անել հնարավորը, որպեսզի մեր խաղը լինի էմոցիոնալ, ագրեսիվ ու նրանց այդպիսի զգացողություններ պարգևի»։