Not Selected

ԱՆԱՏՈԼԻ ԱՅՎԱԶՈՎ․ «ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՏԵՄՊԻ ՄԵՋ ԵՆՔ ՄՏՆՈՒՄ ՈՒ ՓՈՐՁՈՒՄ ԼԱՎ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ»

03/07/2022

«Ուրարտուի» հավաքը Սերբիայում մեկնարկել է։ Թիմը մարզումային գործընթացում է ու պատրաստվում է նաև ստուգողական խաղերի։ Հավաքի մասին խոսել է մեր դարպասապահ Անատոլի Այվազովը։

ԶԼԱՏԻԲՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԱԾ ՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ

«Երեկ ենք ժամանել այստեղ, ճանապարհը բավական դժվար էր, դրանից պետք էր մի փոքր հանգստանալ, իսկ հետո մեկ երեկոյան մարզում անցկացրինք՝ ավելի շատ ներգրավող բնույթի, և արդեն այսօրվանից, օրական երկու անգամ ենք աշխատելու, իսկ վաղը առաջին ստուգողական խաղն ենք անցկացնելու»։

ՍՊԱՍՎՈՂ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Դեռ տեղյակ չեմ՝ ովքեր են լինելու մեր մրցակիցները, բայց մեզ համար դա այդքան էլ կարևոր չէ, քանի որ նոր մարզչական շտաբ ունենք, շատ կարևոր է հասկանալ իրենց պահանջները, խաղի մեջ մտնել նաև նորեկների հետ, որոնք կամաց-կամաց միանում են թիմին, այսինքն, բացառապես մեր առաջադրանքներն ունենք ու միայն մեզնով պետք է առաջ շարժվենք , իսկ թե ովքերն են լինելու մրցակիցները, կարևոր չէ»։

ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ

«Թիմում շատ լավ մթնոլորտ է, բոլորը շատ լավ աշխատում են, պարզապես մենք դեռ ընդամենը մեկ շաբաթ է, ինչ մարզվում ենք, և թիմը աստիճանաբար թափ է հավաքում, ներգրավվում է, ծանրաբեռնվածությունն էլ մեծանում է, երևի 30-40 տոկոսով թիմն արդեն տեմպի մեջ է մտել, առջևում էլ երկշաբաթյա հավաքն է, որը նոր է միայն սկսում, այնուհետև 2 շաբաթ կմնա մինչ առաջնությունը, կարծում եմ՝ առաջնությանը լավ պատրաստվենք»։