Not Selected

ԴՐԱՄԱՏԻԿ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2»-ԻՆ

16/09/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 9-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիա-2»-ին և զիջեց նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ գոլը խփեց Դավիթ Բարսեղյանը։

Հանդիպումը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց: 

Հանդիպումն ի սկզբանե երկկողմանի հավասար խաղի բնույթ ուներ։ Թիմերը հերթով գրոհներ էին ձեռնարկում, միևնույն ժամանակ հարկ է նշել, որ երկու թիմերն էլ հաճախ էին սխալներ թույլ տալիս։
Առաջին վտանգավոր պահը ստեղծեցին «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները։ Նպաստավոր դիրքում հայտնված Հարություն Ստեփանյանի հարվածը հետ մղեց մրցակցի դարպասապահը։ Մեկ րոպե անց «Արարատ-Արմենիա-2»-ի դարպասի ուղղությամբ մեր տղաները տուգանային հարվածի իրավունք վաստակեցին, սակայն Թալասյանի՝ գլխով կատարած հարվածից հետո գնդակն ուղիղ դարպասապահ Հայկ Խաչատրյանի ձեռքերի մեջ էր։ Խաղակեսի ավարտին հյուրերը բավական ակտիվացան՝ երկու իրական պահ ստեղծելով, սակայն հաշիվն այդպես էլ չբացվեց։

Երկրորդ խաղակեսի մեկնարկը մեր ֆուտբոլիստների հսկողության տակ էր. 50-րդ րոպեին Կարեն Դավթյանը դիպուկ փոխանցումով հարվածային դիրքի դուրս բերեց Հարություն Ստեփանյանին, սակայն վերջին պահին հարձակվողը սայթաքեց և բաց թողեց թիմին առաջ մղելու լավ հնարավորությունը։ Մեր թիմի հաջորդ վտանգավոր պահն արդեն 56-րդ րոպեին էր, երբ Համլետ Սարգսյանին բառացիորեն մեկ վայրկյան չհերիքեց եզրափակելու փոխանցումն և գնդակն ուղարկելու մրցակցի դատարկ դարպասը։ Հարկ է նշել, որ երկու թիմերն էլ ոչ մի կերպ չէին կարողանում խաղակցվածություն պահել։ Մեր տղաների գործադրած ճնշման արդյունքում ևս մեկ վտանգավոր պահ ունեցավ Կարեն Դավթյանը, սակայն, ցավոք, հարվածը փոքր-ինչ ուժեղ ստացվեց։ Դրվագներից մեկում հյուրերի ֆուտբոլիստը չկարողացավ ավարտին հասցնել փոխանցումը՝ բարձր հարվածելով Մխիթար Ումրեյանի պաշտպանած դարպասին։ 79-րդ րոպեին վերջինս փայլուն սեյվ կատարեց, սակայն երկու րոպե անց «Արարատ-Արմենիա-2»-ի հերթական գրոհի ժամանակ Դավիթ Բարսեղյանը, նկատելով, որ մեր դարպասապահն առանց վերահսկողության էր թողել դարպասը, գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ բացելով հանդիպման հաշիվը։ 86-րդ րոպեին մենք ունեինք խաղը փրկելու ամենաիրական հնարավորությունը․ տուգանային հարվածից հետո թիմի նորեկ Իսաակ Բարի Օջումայի հարվածն բարձր ստացվեց։ Մինչ խաղակեսի ավարտը դաշտում լարված պայքար էր ընթանում, սակայն մեր թիմի ֆուտբոլիստները ոչինչ փոխել չկարողացան․ «Ուրարտու-2» - «Արարատ-Արմենիա-2»՝ 0-1.
Հավելում ենք, որ հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի միջազգային դադարից հետո, մանրամասները կհայտնենք ավելի ուշ։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2» 0-1

0-1 Դավիթ Բարսեղյան (81')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22․ Մխիթար Ումրեյան, 70․ Արման Մարտիրոսյան, 39․ Նարեկ Դավթյան, 27․ Գառնիկ Մինասյան, 5․ Արթուր Թալասյան, 26․ Կարեն Գալստյան (ա), 18․ Համլետ Սարգսյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան, 23․ Լևոն Բաշոյան, 21․ Հարություն Ստեփանյան։

Պահեստայիններ՝  1․ Սուրեն Ղազարյան, 6․ Էրիկ Ամիրխանյան, 77․ Ալիկ Մկրտչյան, 12․ Արա Ջոլաքյան, 16․ Էդիկ Վարդանյան, 13․ Էդգար Ղուլինյան, 14․ Դավիթ Հարությունյան, 19․ Կարեն Թալասյան, 35․ Բարրի Իսաակ, 7․ Հայկ Ղազարյան։

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2»․ 1․ Հայկ Խաչատրյան, 3․ Էրիկ Սմբատյան, 10․ Յուրի Քոլոզյան (ա), 18․ Սարգիս Սահակյան, 8․ Վլադիմիր Մուրադյան, 11․ Սպարտակ Հայրապետյան, 5․ Սերյոժա Բաբայան, 24․ Դավիթ Բարսեղյան, 7․ Վրեժ Մկրտչյան, 9․ Միշել Այվազյան, 2․ Նարեկ Համբարձումյան։

Պահեստայիններ՝ 12․ Վահե Բեկչյան, 19․ Հովհաննես Բալինյան, 22․ Միքայել Այվազյան, 14․ Միքայել Ղազարյան, 17․ Գուրգեն Քոսյան, 27․ Դավիթ Պետրոսյան, 6․ Հովհաննես Ղազարյան, 88․ Սմբատ Պողոսյան, 23․ Ալեն Ղալթախչյան, 33․ Յուրա Մանուկյան։