Not Selected

ՄԻԱՎՈՐՆԵՐ ԿՈՐՑՐԻՆՔ «ԱՐԱՐԱՏԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

16/04/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրընկալվել էր «Արարատին»։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

Մինչ այս ընթացիկ մրցաշրջանում կայացած երկու դիմակայություններում էլ հաղթանակի էին հասել մեր տղաները՝ հյուրի կարգավիճակում 2-0, իսկ տանը՝ 2-1 հաշիվներով։

Առաջին խաղակեսի առաջին հատվածը մեծ հաշվով մեր վերահսկողության տակ էր, ավելի շատ գրոհում էինք մենք, իսկ տանտերերը վտանգներ էին ստեղծում հակագրոհներով։ Խաղի 6-րդ րոպեին «Ուրարտուն» խաղակեսի ամենաիրական գոլային պահը ստեղծեց, բայց Մարկոս Ժունիորի հարվածը սուր անկյունից մի փոքր շեղությամբ ընթացավ։ Պատասխանը տանտերերը տվեցին 30-րդ րոպեին, երբ Չիդեչուկվու Իբեհի հարվածներից հետո Ալեքսանդր Մելիխովը երկու անգամ թիմին փրկեց վերահաս գոլից։ «Արարատը» մի քանի անգամ ևս սպառնաց մեր դարպասին, սակայն պաշտպանները զգոն էին։

Ընդմիջումից մի քանի րոպե առաջ էլ մեր տղաները երկրորդ լավ հնարավորությունն ունեին հաշիվը բացելու, սակայն այս անգամ էլ Օլեգ Պոլյակովի հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ։ 

Երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներին «Արարատի» գրոհի ժամանակ գլխավոր մրցավարը ձեռքով խաղ տեսավ մեր տղաների կողմից և 11-մետրանոց նշանակեց։ Դրվագում փայլուն գործեց Ալեքսանդր Մելիխովը, որը գուշակեց Ռազմիկ Հակոբյանի հարվածի ուղղությունն ու որսաց գնդակը։ Դմիտրի Գունկոն միանգամից միանգամից 3 ֆուտբոլիստի փոխարինեց խաղի 59-րդ րոպեին՝ խաղադաշտ մտցնելով Խլյոբասին, Օզբիլիզին ու Մելքոնյանին։ Մեր գրոհերն էլ ավելի հաճախակի դարձան, սակայն դրանք եզրափակել չէր հաջողվում։ Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված րոպեներին մեր տղաները վտանգավոր դիրքում տուգանայինի իրավունք վաստակեցին, որը մեր կատարմամբ ամենավտանգավոր ու իրական գոլային պահն էր։ Արաս Օզբիլիզի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին ու հազիվ չհայտնվեց դարպասում։ Այսպիսով, հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

Հավելենք, որ հաջորդ տուրում մրցելու ենք «Արարատ-Արմենայի» հետ։ Ապրիլի 22-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում խաղ կմեկնարկի 18:00-ին։

«ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-0

«ԱՐԱՐԱՏ»․ 71․ Սերգեյ Ռևյակին, 9․ Ռազմիկ Հակոբյան (77․ Գեորգի Բաբալիև 66'), 5․ Հրայր Մկոյան (ա), 23․ Գոռ Մալաքյան (19․ Ալասան Ֆայե 80'), 20․ Ռուդիկ Մկրտչյան, 96․ Արման Հովհաննիսյան, 30․ Չիդեչուկվու Իբեհ (10․ Ալեքսանդար Գլիշիչ 66'), 22․ Դուշան Միհիչ, 24․ Հադջի Իսսա Մուստաֆա (14․ Պետրոս Աֆաջանյան 46'), 2․ Այմեն Մահմուդ, 81․ Կասսիմ Հադջի (25․ Ջեջե Արմանդ Դագրո 80')։

Պահեստայիններ՝ 98․ Նեմանյա Լեմահիչ, 1․ Գոռ Մանուկյան, 70․ Զիլե Տիեիդե, 8․ Վարդան Արզոյան, 10․ Ալեքսանդար Գլիշիչ, 6․ Հայկ Իշխանյան, 33․ Հովհաննես Նազարյան, 7․ Մուհամեդ Կոնե, 77․ Գեորգի Բաբալիև, 4․ Մելոնցա Մեզակ, 19․ Ալասան Ֆայե, 99․ Նորայր Ղազարյան, 15․ Արտակ Ասատրյան, 14․ Պետրոս Աֆաջանյան, 25․ Ջեջե Արմանդ Դագրո։

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42․ Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի (13․ Դմիտրո Խլյոբաս 59'), 31․ Իվան Զոտկո, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 27․ Դավիթ Խուրցիձե, 8․ Ուգոչուկվու Իվու, 33․ Մարկոս Ժունիոր (18․ Լեոն Սաբուա 83'), 21․ Նարեկ Գրիգորյան (10․ Կարեն Մելքոնյան 59'), 15․ Մաքսիմ Մայրովիչ, 90․ Օլեգ Պոլյակով (23․ Արաս Օզբիլիզ 59')։

Պահեստայիններ՝ 24․ Արսեն Բեգլարյան, 34․ Էրիկ Փիլոյան, 35․ Ռաֆայել Կարիոկա, 36․ Խարիտոն Այվազյան, 67․ Վադիմ Պարամոնով, 9․ Նարեկ Աղասարյան, 23․ Արաս Օզբիլիզ, 25․ Դրաման Սալու, 10․ Կարեն Մելքոնյան, 13․ Դմիտրո Խլյոբաս, 18․ Լեոն Սաբուա։