Not Selected

ՑԱՎԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՋԱՏԱՐԻ ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

28/04/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 27-րդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալել էր առաջատար «Վեստ Արմենիային»։Հանդիպումն ավարտվեց առաջատարի հաղթանակով՝ 3-4 հաշվով։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Գևորգ Գրիգորյանը, Կարեն Դավթյանն ու Էդիկ Վարդանյանը, իսկ հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Արամ Լոռեցյանը, մեկական գոլ էլ խփեցին Կարապետ Մանուկյանն ու Արսեն Հովհաննիսյանը։ 


Հանդիպումը մեզ համար հաճելի մեկնարկ ստացավ։ Առաջին րոպեին Գևորգ Գրիգորյանը վստահ խաղով մտավ մրցակցի տուգանային հրապարակ ու գնդակն ուղարկեց Խաչատուր Մանուկյանի պաշտպանած դարպասը։ Հյուրերի պատասխանը չուշացավ։ Արամ Լոռեցյանը հավասարեցրեց խաղի հաշիվը 5-րդ րոպեին։ Մեկական գոլերով փոխանակվելով՝ թիմերը ավելի բաց ֆուտբոլ սկսեցին ցուցադրել, պահեր էին ստեղծում, բայց մրցակցի գրոհները ավելի մեծ վտանգ էին պարունակում։ 22-րդ րոպեին մեր դարպասին տուգանային նշանակվեց, որը վարպետորեն իրացրեց Արամ Լոռեցյանն ու դուբլ ձևակերպեց։ Ընդմիջումից առաջ էլ «Վեստ Արմենիան» ևս մեկ անգամ աչքի ընկավ։ Անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Կարապետ Մանուկյանը։ Եվ թիմերը հանդերձարան գնացին հյուրերի առավելությամբ։

Երկրորդ խաղակեսում մեր տղաները բավական լավ պրեսինգ էին գործադրում, ու հայտնվում մրցակցի տուգանայինի մատույցներում։ 52-րդ րոպեին նրանց հաջողվեց 11-մետրանոցի իրավունք վաստակել, որն էլ անվրեպ իրացրեց ու հաշվի տարբերությունը կրճատեց Կարեն Դավթյանը։ Այնուհետև լավ պահեր ունեցան նաև Դավիթ Հովհաննիսյանն ու փոխարինման մտած Էդիկ Վարդանյանը, որոնց հարվածներից հետո գնդակը շեղությամբ էր ընթանում։ Մրցակցի ֆուտբոլիստները ևս մեկ վտանգավոր ստանդարտ վաստակեցին, և կրկին գնդակի մոտ Արամ Լոռեցյանն էր, բայց այս անգամ նրա հարվածը հետ մղեց փոխարինման մտած դարպասապահ Սուրեն Ղազարյանը։ Բայց «Վեստ Արմենիայի» փորձառու ֆուտբոլիստներն ի վերջո խփեցին նաև 4-րդ գնդակը, որը հեղինակեց Արսեն Հովհաննիսյանը՝ 2-4։ Բայց Պադերինի տղաները շարունակում էին վայր չդնել զենքերն ու առաջ նետվել։ Աչքի ընկնել հասցրեց նաև Էդիկ Վարդանյանը, որը կրկին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն մինչ խաղի ավարտը հավասարեցնել այն մեր թիմը չկարողացավ՝ 3-4։ 

Հաջորդ խաղը մեր տղաները կանցկացնեն մայիսի 4-ին՝ հյուրի կարգավիճակում ուժերը չափելով «Արարատ-2»-ի հետ։ Հանդիպումը Ձորաղբյուրի մարզաբազայում կմեկնարկի 16։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ» 3-4

1-0 Գևորգ Գրիգորյան (1') 1-1 Արամ Լոռեցյան (5'), 1-2 Արամ Լոռեցյան (22') 1-3 Կարապետ Մանուկյան (41'), 2-3 Կարեն Դավթյան (53' 11մ), 2-4 Արսեն Հովհաննիսյան (67'), 3-4 Էդիկ Վարդանյան (81')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 55. Հայկ Ղազարյան, 12․ Արա Ջոլաքյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան (ա), 27․ Գառնիկ Մինասյան, 23․ Լևոն Բաշոյան, 7․ Հայկ Ղազարյան, 77․ Ալիկ Մկրտչյան, 35․ Իսաակ Բարրի, 25․ Դավիթ Ղիասյան, 10․ Դավիթ Հարությունյան։ 

Պահեստայիններ՝  1․ Սուրեն Ղազարյան, 50․ Դավիթ Արտենյան, 39․ Նարեկ Դավթյան, 16․ Էդիկ Վարդանյան, 38․ Հարություն Ջավադյան, 6․ Հայկ Նորիկյան, 70․ Էմմանուել Դիտու, 11․ Էրիկ Ղուլինյան։ 

«ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ»․ 1․ Խաչատուր Մանուկյան, 9․ Արամ Լոռեցյան, 6․ Դավիթ Մարգարյան, 3․ Գագիկ Դաղբաշյան, 69․ Մաքս Դզիով, 5․ Էդմոն Մովսիսյան, 11․ Կարապետ Մանուկյան, 10․ Արտեմ Գևորգյան, 22․ Դաթո Չերտկոև, 90․ Արսեն Ցոգոև, 14․ Ուֆուոմա Դավիդ Ջուլիուս։

Պահեստայիններ՝ 99․ Արթուր Միրոյան, 39․ Եփրեմ Սահակյան, 86․ Դավիթ Գրիգորյան, 77․ Դավիթ Ղանդիլյան, 23․ Սուրիկ Զաքարյան, 33․ Էրիկ Կարապետյան, 70․ Բորիս Չիլինգարյան, 26․ Մհեր Սահակյան, 4․ Հայկ Սարգսյան, 8․ Աշոտ Քոչարյան, 20․ Աբայոմի Դավիդ, 7․ Արսեն Հովհաննիսյան, 88․ Արտյոմ Կիբա։