Not Selected

ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ՝ «ՎԱՆԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

02/05/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հոյւրընկալվել էր Չարենցավանի «Վանին»։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի վստահ հաղթանակով՝ 5-0 հաշվով։ Մեկական անգամ աչքի ընկան Դավիթ Խուրցիձեն, Ժիրայր Մարգարյանը, Օլեգ Պոլյակովը և Լեոն Սաբուան, իսկ Մանուել Մորելլոն դարձավ ինքնագոլի հեղինակ։

Նշենք, որ թիմերն այս մրցաշրջանում հանդիպել են երեք անգամ: Երկու անգամ առավելության է հասել մեր թիմը, իսկ մեկ անգամ հաղթել է Չարենցավանի «Վանը»։

Այս խաղում առաջին անգամ հայտացուցակում տեղ էր գտել մեր թիմի կենտրոնական հարձակվող Յայա Սանոգոն։ Առաջին խաղակեսում խաղային և տարածքային առավելությունն ամբողջությամբ մեր թիմի ձեռքերում էր։ Արդեն առաջին րոպեին «Ուրարտուն» կարողացավ բացել հանդիպման հաշիվը, բայց գլխավոր մրցավարը VAR համակարգին դիմելուց հետո նկատեց, որ գոլի հեղինակ դարձած Խլյոբասը գտնվում էր խաղից դուրս վիճակում, և չեղարկեց այն։ Հանդիպման 26-րդ րոպեին, աջ եզրում Խլյոբասի փոխանցումից հետո հարվածեց Կարեն Մելքոնյանը, բայց գնդակն անցավ հորիզոնական դարպասաձողի վրայով։ Դմիտրի Գունկոյի տղաները պարբերաբար լարվածության մեջ էին պահում մրցակցին և 36-րդ րոպեին այն բերեց իր արդյունքը։ Կրկին աջ եզրով զարգացած գրոհի արդյունքում, Մարկոս Ժունիորը գտավ Դավիթ Խուրցիձեին, որն էլ մեկ հպումով գրավեց դարպասի մոտակա անկյունը՝ խփելով իր 2-րդ գոլը այս մրցաշրջանում։ Խփած գոլից հետո «Ուրարտուն» շարունակում էր թելադրել խաղի ընթացքը։ Մեր տղաները ևս մի քանի վտանգավոր դրվագ ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ, բայց մեկ գնդակից ավել առաջին խաղակեսում հեղինակել չստացվեց։   

Երկրորդ խաղակեսում մեր տղաները շարունակում էին գործել վստահ ու թելադրել իրենց խաղը։ Գրոհելու հնարավորություն ստանում էին նաև դաշտի տերերը, բայց հարվածները կամ փակվում էին, կամ էլ գնդակը շեղ էր ընթանում։ Իրական վտանգ ներկայացնող  պահերն ու գոլային հրավառությունը սկսվեցին 70-րդ րոպեյից, երբ գեղեցիկ կոմբինացիոն խաղարկումից հետո Ժիրայր Մարգարյանը ստացավ գնդակը մրցակցի տուգանայինում ու գրավեց Ագոմագոմեդովի պաշտպանած դարպասը՝ հաշիվը դարձնելով 2-0: Այս հաշվից հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստներն էլ ավելի վստահ սկսեցին գործել ու գնալ նոր գոլերի հետևից, իսկ Դմիտրի Գունկոն կատարած փոփոխություններով թարմացրել էր նաև հարձակման գիծը։ 77-րդ րոպեին փոխարինման մտած Լեոն Սաբուան հարվածեց մրցակցի դարպասին, բայց այդ հարվածին միջամտեց նաև «Վանի» ֆուտբոլիստ Մանուել Մորելլոն՝ գրավելով սեփական դարպասը։ Չարենցավանի թիմը ելք փնտրում էր կորցրածը հետ բերելու, բայց միմյանց հաջորդեցին ևս 2 գոլեր։ 82-րդ րոպեին նշանակված տուգանային հարվածը փայլուն իրացրեց Օլեգ Պոլյակովը՝ խփելով թիմի 4-րդ գնդակը, իսկ 86-րդ րոպեին վերջապես կարողացավ իր օգտին գոլ գրանցել Լեոն Սաբուան՝ 5-0։ 

Այսպիսով, «Ուրարտուն» հերթական 3 միավորը վաստակեց ու շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ 

Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի մայիսի 8-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Նոային»։ Խաղը կմեկնարկի 19։00-ին։

«ՎԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-5

0-1 Դավիթ Խուրցիձե (36'), 0-2 Ժիրայր Մարգարյան (70'), 0-3 Մանուել Մորելլո (77' ԻԳ), 0-4 Օլեգ Պոլյակով (82') 0-5 Լեոն Սաբուա (86'):

«ՎԱՆ»․ 1. Սամուր Ագամագոմեդով, 23․ Պավել Գորելով (70. Ուիլսոն Ռոնդոն 78'), 7. Էդգար Մովսեսյան (27. Ջոսուե Գաբա 68'), 2. Վասպուրակ Մինասյան (ա), 14. Քրիստոֆեր Բոնիֆեյս, 19. Գևորգ Նաջարյան (17. Սանի Բուհարի 22'), 30. Մանուել Մորելլո, 21. Դանիել Վերգարա, 5. Արմեն Մանուչարյան (9. Դանիչ Անկուդինով 78'), 87. Գեղամ Ղադիմյան, 11. Դավիթ Մանոյան։

Պահեստայիններ՝  12. Արթուր Մելքոնյան, 27. Ջոսուե Գաբա, 33. Համլետ Ասոյան, 17. Սանի Բուհարի, 99. Արման Մկրտչյան, 20. Էմմանուել Պետրոսյան, 9. Դանիլ Անկուդինով, 70. Ուիլսոն Ռոնդոն:

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի, 34․ Էրիկ Փիլոյան, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 88․ Ժիրայր Մարգարյան (ա) (35․ Ռաֆայել Կարիոկա 82'), (35․ Ռաֆայել Կարիոկա 82'), 8․ Ուգոչուկվու Իվու (25․ Դրաման Սալու 82'), 27․ Դավիթ Խուրցիձե (9․ Նարեկ Աղասարյան 71'), 33․ Մարկոս Ժունիոր, 10․ Կարեն Մելքոնյան, 13․ Դմիտրո Խլյոբաս (18․  Լեոն Սաբուա 71'), 15․ Մաքսիմ Մայրովիչ (90․ Օլեգ Պոլյակով 63')։

Պահեստայիններ՝  24․ Արսեն Բեգլարյան, 22․ Մխիթար Ումրեյան, 6․ Արման Ղազարյան, 31․ Իվան Զատկո, 36․ Խարիտոն Այվազյան, 67․ Վադիմ Պարամոնով, 35․ Ռաֆայել Կարիոկա, 25․ Դրաման Սալու, 23․ Արաս Օզբիլիզ, 9․ Նարեկ Աղասարյան, 21․ Նարեկ Գրիգորյան, 90․ Օլեգ Պոլյակով, 18․  Լեոն Սաբուա, 99․ Յայա Սանոգո։