Not Selected

ՅԱՅԱ ՍԱՆՈԳՈ․ «ՊԵՏՔ Է ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՊԱՅՔԱՐԵՆՔ, ՈՒ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԵՆ ԲԱՆ ԿՀԱՋՈՂՎԻ»

04/05/2023

Մեր թիմի ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն արտասահմանյան հավաքի ընթացքում ստացած վնասվածքից հետո մոտ 2 ամիս վերականգնողական փուլ անցավ, որից հետո վերադարձավ «Ուրարտու» ու շարունակեց մարզումները թիմի հետ։

Սանոգոն պատմել է վնասվածքից վերականգնվելու, թիմակցիների ու մարզչի հետ աշխատանքի և այլնի մասին․ 

ԵՐԿԱՐԱՏԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՈՒ ՄԱՐԶՈՒՄՆԵՐՆ «ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ» ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իմ վերականգնողական փուլն անցավ Փարիզում։ Ես երկու ամիս ունեի ծնկի վնասվածք, ինչի պատճառով ես ոչինչ չէի կարողանում անել այդ ժամանակահատվածում: Դրանից հետո ուղևորվեցի Սլովակիա և այնտեղ երկու շաբաթ մարզվեցի իմ անձնական մարզչի հետ, որից հետո վերադարձա «Ուրարտու» և միացա թիմակիցներիս։

Ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ, պետք է ավելի շատ մարզվեմ թիմի հետ, որպեսզի կարողանամ թիմակիցներիս ավելի լավ ճանաչել։ Ես չունեմ շատ ժամանակ ադապտացվելու համար, քանի որ թիմը գտնվում է մրցաշրջանի շատ կարևոր փուլում, բայց ես շարունակում եմ մարզվել թիմի հետ և աստիճանաբար ավելի լավ հասկանում տղաներին»։

ՄԱՐԶՉԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի հետ։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա շփվում ֆուտբոլիստների հետ։ Մենք պետք է հաղթենք մնացած բոլոր խաղերում, և այդ ամենի մեջ իր մեծ ազդեցությունն ունի նաև գլխավոր մարզիչը։ Ես վստահում եմ նրան»։

ԹԻՄԻ ՑՈՒՑԱԴՐԱԾ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Արդեն երկու հանդիպման հետևել եմ մարզադաշտից։ «Ուրարտուն» շատ լավ ֆուտբոլ է խաղում, որը նաև առանձնանում է մյուս թիմերից։ Եղել են հանդիպումներ, երբ թիմը ցույց չի տվել իր լավագույն որակները, բայց նույնիսկ չստացված խաղերի ժամանակ պետք է ապահովել արդյունք, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակին»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ, որ Հայաստանն ունի լավ առաջնություն։ Ճիշտ է այն այդքան էլ տարածված չէ Եվրոպայում, շատերը չգիտեն, բայց երբ ես տեղափոխվեցի «Ուրարտու», միանգամից նկատեցի, թե որքան լավ ֆուտբոլիստներ կան այստեղ։ Զարգացվածությունը նույնպես աճում է տարեցտարի և հույս ունեմ, որ ապագայում շատերը կլսեն այս առաջնության մասին»։

ԽՈՐՀՈՒՐԴԸ՝ ՏՂԱՆԵՐԻՆ

«Որպես խորհուրդ ես կասեմ նույնը՝ պետք է լինենք համախմբված։ Ճիշտ է, մարզիչն է որոշում մեկնարկային կազմը, և խաղը սկսում են հենց այդ 11 ֆուտբոլիստները, բայց լինում են դեպքեր, երբ խաղի ելքը որոշվում է պահեստայինների նստարանից, ուստի կարևոր է այդ կապը ֆուտբոլսիտների միջև՝ զգալ միմյանց և օգնել յուրաքանչյուր դրվագում։ 

Այս պահին ամենակարևորը միասին լինելն է, մենք պետք է մշտապես լինենք համախմբված։ Պետք է պայքարել յուրաքանչյուր խաղում հաղթելու համար, բայց դա կհաջողվի, եթե մենք լինենք համախմբված՝ ինչպես մեկ բռունք»։