Not Selected

ՄԱՐՏԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻ՝ «ՇԻՐԱԿ-2»-Ի ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

11/03/2024

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Շիրակ-2»։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Սամվել Հակոբյանն ու Արա Ջոլաքյանը, իսկ հյուրերից դուբլ գրանցեց Նարեկ Խաչատրյանը։ 

Առաջին խաղակեսում «Ուրարտու-2»-ը տիրում էր նախաձեռնությանը և հիմնականում խաղում էր առաջին համարով: Առաջին վտանգավոր պահը գրանցվեց 26-րդ րոպեին: Դավիթ Ղիասյանը հայտնվեց նպաստավոր դիրքում, սակայն նրա հարվածը հետ մղեց դարպասապահը: Այնուհետև գործեց ֆուտբոլային չգրված օրենքը: Առաջին կեսում հյուրերի ձեռնարկած միակ գրոհն ավարտվեց դարպասի գրավմամբ: 32-րդ րոպեին հաշիվը բացեց Նարեկ Խաչատրյանը: 37-րդ րոպեին «Ուրարտու-2»-ը մոտ էր հաշիվը հավասարեցնելուն, սակայն Նարեկ Դավթյանի գլխի հարվածից հետո մրցակցի դարպասապահը նորից տեղում էր: Այդպես, առաջին կեսում դարպասի նոր գրավում չարձանագրվեց:

Երկրորդ կեսի հենց մեկնարկից «Ուրարտու-2»-ն անմիջապես նետվեց ագրեսիվ գրոհների ու հասավ արդյունքի: 48-րդ րոպեին Դավիթ Ղիասյանի գրագետ փոխանցումից հետո Սամվել Հակոբյանը հավասարեցրեց հաշիվը` աչքի ընկնելով երկրորդ խաղում անընդմեջ: Շարունակելով ճնշումը` մեր տղաները նաև առաջ անցան հաշվի մեջ: Ձախ եզրից եկած փոխանցումը 51-րդ րոպեին եզրափակեց Արա Ջոլաքյանը: Այնուամենայնիվ, մրցակիցը հավասարեցրեց դրությունը:

55-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Նարեկ Խաչատրյանը: 74-րդ րոպեին «Ուրարտու-2»-ը կարող էր առաջ անցնել հաշվի մեջ: Ստանդարտ դիրքի խաղարկումից հետո Սամվել Հակոբյանը գլխի հարվածով փորձեց գրավել դարպասը, բայց դարպասապահը երկրորդ փորձից որսաց գնդակը: 82-րդ րոպեին հիանալի պահ ունեցավ փոխարինման մտած Էրիկ Ասատրյանը, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Մինչ խաղի ավարտը հասցրեց աչքի ընկնել նաև մեր դարպասապահ Հայկ Ղազարյանը, որը փայլուն սեյվով փրկեց թիմին։ 

Այսպիսով, հաջորդ խաղը Կարեն Առաքելյանի թիմը կանցկացնի մարտի 17-ին՝ հյուրի կարգավիճակում մրցելով «Անդրանիկի» հետ։ Խաղի մեկնարկը 15։00-ին է։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՇԻՐԱԿ-2» 2-2

0-1 Նարեկ Խաչատրյան (32') 1-1 Սամվել Հակոբյան (48'), 2-1 Արա Ջոլաքյան (51') 2-2 Նարեկ Խաչատրյան (54')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 91․ Հայկ Ղա-զարյան, 80․ Պետրոս Մանուկյան (ա), 12․ Արա Ջոլաքյան, 29․ Արթուր Իսրայելյան, 39․ Նարեկ Դավթյան, 19․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան, 66․ Ալիկ Մկրտչյան, 25․ Դավիթ Ղիասյան, 97․ Արթուր Մելիքյան, 7․ Սամվել Հակոբյան։

Պահեստայիններ՝ 55․ Նուբար Գիշյան, 14․ Արամ Հունանյան, 34․ Արթուր Թալասյան, 40․ Խաչատուր Կիրակոսյան, 96․ Գագիկ Պետրոսյան, 30․ Էրիկ Ղուլինյան, 87․ Վահե Շափաղաթյան, 44․ Սամվել Մովսիսյան, 45․ Էմմանուել Դիտու, 71․ Էրիկ Ասատրյան, 13․ Արամ Ազարյան։

«ՇԻՐԱԿ-2»․ 55. Lյովա Կարապետյան (ա), 25․ Գագիկ Ակուլյան, 44․ Տիգրան Սումբուլյան, 2․ Հովհաննես Փահլևանյան, 28․ Նարեկ Խաչատրյան, 88․ Յուրիյ Վարդանյան, 77․ Ալբերտ Դարբինյան, 11․ Սերգեյ Մանուկյան, 67․ Դավիթ Վարդանյան, 40․ Դավիթ Դարբինյան, 30․ Գագիկ Հովհանեսյան։

Պահեստայիններ՝ 1․ Նարեկ Պետրոսյան, 98․ Վազգեն Սարգսյան, 66․ Ռաֆիկ Վարդանյան, 80․ Նարեկ Գևորգյան, 23․ Էմիլ Պապիկյան, 74․ Էրիկ Սաքոյան, 63․ Նարեկ Ղուլասյան, 37․ Ալեքսանդր Մանասյան։