Not Selected

ԳԵՂԵՑԻԿ ՈՒ ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԴՈՒՐՍ ԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

12/03/2024

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր ԲԿՄԱ-ին։ Մեր տղաները հաղթանակ տոնեցին 4-0 հաշվով։ Թիմի կազմում դուբլեր ձևակերպեցին Անդրեյ Կրավչուկն ու Նարեկ Աղասարյանը։

ՀԱՂԹԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ

Հանդիպման հենց մեկնարկում «Ուրարտուն» սկսեց մեծ ճնշում գործադրել մրցակցի վրա: Արդեն 2-րդ րոպեին Նիկոլայ Պրուդնիկովը 2 գոլային պահ ունեցավ: Առաջին դրվագում ԲԿՄԱ-ին փրկեց դարպասապահ Գոռ Մատինյանը, իսկ հաջորդ հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Մեր տղաները շարունակեցին բարձր տեմպով խաղալ ու հասան արդյունքի:
6-րդ րոպեին Պերիշա Պեշուկիչի գրագետ փոխանցումից հետո Անդրեյ Կրավչուկը գլխով կատարած հարվածով բացեց հաշիվը: 11-րդ րոպեին եկավ Նարեկ Աղասարյանի փայլելու հերթը: Մեր թիմի կիսապաշտպանը, ընդունելով գնդակը մրցակցի դարպասից մոտ 25 մետր հեռավորության վրա, հուժկու հարված կատարեց ու հաշիվը դարձրեց 2-0: Այնքանով մեր թիմի գրոհները չավարտվեցին․ 13-րդ րոպեին Էրիկ Փիլոյանը մեն-մենակ մնաց Մատինյանի դեմ, սակայն դարպասապահը հետ մղեց մեր պաշտպանի հարվածը: Այնուհետև խաղում տիրեց հարաբերական անդորր: 32-րդ րոպեին միայն Ժիրայր Մարգարյանը սպառնաց ԲԿՄԱ-ի դարպասին, սակայն Մատինյանը նորից տեղում էր: Հյուրերի դարպասապահը 40-րդ րոպեին գեղեցիկ ցատկով հետ մղեց նաև Դենիս Գլուշակովի նույնքան գեղեցիկ հարվածը: Այդպես, առաջին կեսում դարպասի նոր գրավում չարձանագրվեց, ու թիմերը գնացին ընդմիջման 2-0 հաշվի ժամանակ:

ՄԵՐ ԹԻՄԻ ԽՈՇՈՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՐԿՈՒ ԴՈՒԲԼԵՐԸ 

Երկրորդ կեսում «Ուրարտուն» գործում էր առանց ավելորդ լարվածության ու շտապողականության` միևնույն ժամանակ մրցակցին թույլ չտալով լուրջ գրոհ ձեռնարկել: Երկրորդ կեսի առաջին գոլային շանսը վերածվեց գոլի: 64-րդ րոպեին նորից աշխատեց Պեշուկիչ - Կրավչուկ զույգը: Այս անգամ Պեշուկիչի փոխանցումից հետո Կրավչուկը ոտքի հարվածով խփեց այս խաղում իր երկրորդ գոլը: 70-րդ րոպեին դուբլ գրանցելու հերթը Նարեկ Աղասարյանինն էր:

Մեր թիմի կիսսպաշտպանը բազմաքայլ գրոհից հետո հարված կատարեց, որից հետո գնդակը դիպավ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստին ու հայտնվեց դարպասում: Հանդիպման ավարտին «Ուրարտուն» ստեղծեց մի քանի սուր պահ, մասնավորապես, հարվածային դիրքում հայտնվեց փոխարինման դուրս եկած Ալվարո Վելյեզը, սակայն հաշվի մեջ փոփոխություն այլևս չեղավ:

ԹԻՄՈՒՄ ԻՐ ՆՈՐԱՄՈՒՏԸ ՆՇԵՑ ԵՐԿՈՒ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ուրարտու» տեղափոխված ֆուտբոլիստներ Ալվարո Վելյեզն ու Լուքման Գիլմորը իրենց առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրին մեր թիմի կազմում։ Վերջինս խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսի մեկնարկից, իսկ Վելյեզը 65-րդ րոպեին։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԻՑ ԱՌԱՋ ԵՎՍ ՄԵԿ ԱՐՏԱԳՆԱ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Այսպիսով, տանը վստահ ու համոզիչ հաղթանակ տոնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ, մեր տղաները դուրս եկան Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ։ Հավելենք, որ միջազգային դադարից առաջ մեր տղաները ևս մեկ հանդիպում կանցկացնեն առաջնության շրջանակում՝ մարտի 16-ին հյուրընկալվելով «Ալաշկերտին»։ Խաղը կկայանա «Նաիրի» մարզադաշտում կմեկնարկի 15:00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - ԲԿՄԱ 4-0

1-0 Անդրեյ Կրավչուկ (5'), 2-0 Նարեկ Աղասարյան (11'), 3-0 Անդրեյ Կրավչուկ (64'), 4-0 Նարեկ Աղասարյան (70')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 20․ Պերիշա Պեշուկիչ, 3․ Էրիկ Փիլոյան, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 8․ Դենիս Գլուշակով, 9․ Նարեկ Աղասարյան, 21․ Անդրեյ Կրավչուկ, 19․ Նիկոլայ Պրուդնիկով, 18․ Լեոն Սաբուա, 22․ Միքայել Միրզոյան։

Պահեստայիններ՝  1․ Մխիթար Ումրեյան, 92․ Ալեքսանդր Միշիև, 6․ Արման Ղազարյան, 55․ Էրիկ Սիմոնյան, 99․ Խարիտոն Այվազյան, 12․ Լուքման Գիլմոր, 13․ Վլադիսլավ Պանտելեև, 30․ Ալվարո Վելյեզ, 53․ Դավիթ Հարությունյան, 77․ Թեմուր Ջիկիա, 90․ Օլեգ Պոլյակով։