Not Selected

ԶԻՋԵՑԻՆՔ «ՇԻՐԱԿԻՆ» ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ

02/03/2024

IDBank Պրեմիեր լիգայի 23 տուրի խաղում մեր տղաները հյուրընկալվեցին Գյումրիի «Շիրակին»։ Խաղն ավարտվեց մրցակցի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Ինքնագոլի հեղինակ դարձավ Եվհենիի Ցիմբալյուկը։ 

Հանդիպման առաջին իսկ րոպեներից «Ուրարտուն» վերցրեց նախաձեռնությունն իր ձեռքը։ Բնականաբար, առաջին վտանգավոր պահն իրեն սպասեցնել չտվեց։ 9-րդ րոպեին մեր տղաները կենտրոնով զարգացրին գրոհը։ Առաջին անգամ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Դենիս Գլուշակովի նուրբ փոխանցումից հետո Թեմուր Ջիկիան հայտնվեց պաշտպանների թիկունքում ու անկասելի հարված կատարեց, սակայն գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։ 15-րդ րոպեին «Ուրարտուն» գրոհ կազմակերպեց արդեն ձախ եզրով, սակայն տուգանային հրապարակ ներխուժած Կրավչուկի հարվածն էլ սուր անկյունից բարձր ստացվեց։

Հետագա ժամանակահատվածում մեր տղաները շարունակում էին ճնշել մրցակցին։ 25-րդ րոպեին դարձյալ կենտրոնով զարգացնելով գրոհը, Ցիմբալյուկը հասավ տուգանային հրապարակի մատույցներ և փոխանցեց Կրավչուկին։ Վերջինս հրաշալի հարվածով փորձեց գրավել դարպասը, սակայն գնդակը նորից դիպավ դարպասաձողին։ Գնդակն առաջին խաղակեսում համառորեն չէր հայտնվում մրցակցի դարպասում։ Առաջին կեսի երկրորդ հատվածում վտանգավոր պահերն անհամեմատ ավելի քիչ էին։ «Շիրակը» պաշտպանվում էր մեծ ուժերով, սակայն երբեմն դուրս էր գալիս հակագրոհների։ Հատկապես վտանգավոր էր գյումրեցիների ձախ եզրը, որտեղից հաճախակի հետևում էին արագացումներ ու փոխանցումներ, սակայն դրանք գործնականում վտանգավոր պահի չեն վերածվել։ «Ուրարտուն» էլ լուրջ պահ մրցակցի դարպասի մոտ այլևս չստեղծեց, քանի որ տանտերերը խիտ էին պաշտպանվում։ Այդպես, առաջին կեսն ավարտվեց առանց դարպասի գրավման՝ 0-0։

Երկրորդ խաղակեսն սկսվեց այնպես, ինչպես ավարտվեց առաջինը՝ «Ուրարտուն» տիրում էր նախաձեռնությանը, «Շիրակը» համառորեն պաշտպանվում էր։ Սակայն գյումրեցիները սպասեցին իրենց շանսին ու հասան հաջողության։ Երկու պաշտպանների շրջափակման մեջ գտնող Մորի Կոնեի հարվածից հետո գնդակը դիպավ Ցիմբալյուկի ոտքին, շեղեց ուղղությունը և հայտնվեց մեր դարպասում։ Բնականաբար, գոլ ընդունելուց հետո «Ուրարտուն» էլ ավելի մեծ ուժերով նետվեց առաջ ու գրեթե անմիջապես կարող էր հավասարեցնել հաշիվը։ 60-րդ րոպեին նորից հարվածային դիրքում հայտնվեց Թեմուր Ջիկիան, սակայն այս անգամ էլ նրա հարվածից հետո հրաշալի խաղաց մրցակցի դարպասապահն ու հետ մղեց գնդակը։ 69-րդ րոպեին մերոնք նորից վտանգավոր պահ ստեղծեցին։ Խորքից ստացված փոխանցումից հետո Դենիս Գլուշակովը վարպետորեն կասեցրեց գնդակն ու հարված կատարեց, սակայն դարպասապահը հետ մղեց, իսկ անդրադարձից հետո նույն Գլուշակովի հարվածը շեղ էր։ Մրցակիցը շարունակում էր խաղալ նույն սկզբունքով ու սպասել հակագրոհների հնարավորությանը։ 76-ից 79-րդ րոպեն ընկած ժամանակահատվածում «Շիրակը» երկու հակագրոհ անցկացրեց, որոնք սպառնալիք էին մեզ համար, բայց հաշիվի մեջ, բարեբախտաբար, փոփոխություն չմտցվեց։ Մինչև հանդիպման ավարտը մեր ֆուտբոլիստները ոչ մի լուրջ պահ չստեղծեցին, սակայն մրցավարի՝ հիմնական ժամանակին ավելացրած 3-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Շիրակի» դարպասին։ Մրցակիցը սեփական տուգանայինում անզգույշ հարվածեց փոխարինման դուրս եկած Միքայել Միրզոյանի դեմքին, ու մրցավարը ձեռքը տարավ նշակետի ուղղությամբ։ Փոխարինման մտած Լեոն Սաբուայի հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը։ Հաշիվը հավասարեցնելու ժամանակ այլևս չմնաց, պարտվեցինք 0-1 հաշվով։

Այսպիսով, հաջորդ տուրում մեր մրցակիցը կլինի «Վեստ Արմենիան», որի հետ սեփական հարկի տակ կմրցենք մարտի 8-ին։ Խաղի մեկնարկը 18։00-ին է։ 

«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-0

1-0 Եվհենիի Ցիմբալյուկ (55' ԻԳ)

«ՈՒՐԱՐՏՈՒ». 42. Ալեքսանդր Մելիխով, 20․ Պերիշա Պեշուկիչ (99․ Խարիտոն Այվազյան 81), 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 13․ Վլադիսլավ Պանտելեև (19․ Նիկոլայ Պրուդնիկով), 6․ Արման Ղազարյան (22․ Միքայել Միրզոյան 81'), 8․ Դենիս Գլուշակով, 21․ Անդրեյ Կրավչուկ, 77․ Թեմուր Ջիկիա (18․ Լեոն Սաբուա 86'), 11․ Գևորգ Տարախչյան (53․ Դավիթ Հարությունյան 56')։ 

Պահեստայիններ՝  91․ Հայկ Ղազարյան, 92․ Ալեքսանդր Միշիև, 3․ Էրիկ Փիլոյան, 55․ Էրիկ Սիմոնյան, 99․ Խարիտոն Այվազյան, 12․ Լուքման Գիլմոր, 22․ Միքայել Միրզոյան, 52․ Արթուր Իսրայելյան, 18․ Լեոն Սաբուա, 19․ Նիկոլայ Պրուդնիկով, 53․ Դավիթ Հարությունյան։