Not Selected

ՆԱՆԱ ԱՆՏՎԻ. «ՈՒՐԱԽ ԵՄ ԱՄԲՈՂՋ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՈՒԺԵՐՍ ՆԵՐԴՆԵԼ»

05/11/2022

«Ուրարտուի» գանացի պաշտպան Նանա Անտվին վերջերս է ապաքինվել վնասվածքից, ու արդեն երկրորդ ամբողջական հանդիպումն անցկացրեց թիմի կազմում: Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում Անտվին խոսել է վերջին հանդիպման, իր ֆիզիկական վիճակի և այլնի մասին։

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«ԲԿՄԱ-ի հետ հանդիպումը բավականին լարված և բարդ ստացվեց։ Բացի գրոհներ ստեղծելուց, պետք էր արագ նահանջել պաշտպանություն, քանի որ մրցակիցը խաղում էր հակագրոհների վրա։ Պաշտպանական խաղաոճ ունեցող թիմերի դեմ միշտ էլ դժվար է խաղալ, բայց մեզ հաջողվեց շատ պահեր ստեղծել, որոնցից մեկն իր արդյունքը տվեց։ Շատ ուրախ ենք հերթական հաղթանակը գրանցելու համար»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ինչպես գիտեք, վնասվածքս ստացա մրցաշրջանի սկզբում, երկար ժամանակ վերականգնվում էի, հիմա ապաքինվել եմ, կամաց-կամաց իմ մարզավիճակին եմ վերադառնում ու մտնում ռիթմի մեջ։ Երկար դադարից հետո էլ արդեն երկրորդ 90 րոպեն անցկացրի խաղադաշտում։ Այժմ ես ինձ լավ եմ զգում, պատրաստ եմ ամեն հանդիպմանը ներդնել առավելագույն ուժերս»:

ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Յուրաքանչյուր հանդիպմանը շատ լուրջ ենք պատրաստվում, ուսումնասիրում ենք մրցակիցներին և ընտրում համապատասխան սխեմաներ։ Մեզ համար կարևոր են բոլոր հանդիպումները։ Գիտենք, որ հիմա մեզ վրա մեծ ուշադրություն է սևեռված, քանի որ աղյուսակում առաջատար լինելը հեշտ չէ. ճնշումն ու պատասխանատվությունը մեծ են, բայց մենք փորձում ենք զերծ մնալ այս ամենից և սառը գլխով դուրս գալ խաղադաշտ: Մենք լավ թիմ ունենք, կփորձենք պահպանել այս դիրքը մինչև մրցաշրջանի ավարտը»։