Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԶԻՋԵՑ «ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ» 2-0 ՀԱՇՎՈՎ

05/11/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության՝ 8-րդ տուրից հետաձգված խաղում «Ուրարտու-2»-ը արտագնա հանդիպեց «Փյունիկ Ակադեմիայի» հետ և պարտվեց 2-0 հաշվով։ Գոլի հեղինակներ դարձան Ռոբերտ Գեգեդոշը և Վրեժ Չիլոյանը։

Մեր տղաները բավական ակտիվ սկսեցին հանդիպումը, արդեն առաջին րոպեներին կարող էին բացել հաշիվն այն բանից հետո, երբ հարձակվող Էդիկ Վարդանյանը նկատեց, որ մրցակցի դարպասապահն իր դիրքում չէ ու թողել է դարպասն առանց վերահսկողության։ Հարվածը տեղի ունեցավ բառիս բուն իմաստով դաշտի կենտրոնից, բայց, ցավոք, ճշգրիտ չէր։ Անընդհատ գրոհներ փոխանակելով՝ 9-րդ րոպեին դաշտի տերերը կարողացան բացել հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Գեգեդոշը։ Հարկ է նշել, որ «Փյունիկի» երկրորդ թիմի կազմում տեղ էին զբաղեցրել ակումբի հիմնական թիմի որոշ լեգեոներներ: Թիմերից յուրաքանչյուրը ցանկանում էր թելադրել իր խաղը, և, կարելի է ասել, որ խաղադաշտում յուրաքանչյուր պահի համար պայքար էր գնում, և հանդիպումն ինքնին արագ տեմպ ուներ։ Թիմերը շատ էին փորձում օգտվել մեկմեկու սխալներից։ Ընդհանուր առմամբ, «Փյունիկ Ակադեմիայի» ֆուտբոլիստներն ավելի շատ պահեր ու հնարավորություններ էին ստեղծում մեր դարպասապահ Մխիթար Ումրեյանի դարպասին, սակայն բոլոր հարվածները կամ շեղ ու բարձր էին ստացվում, կամ հանդիպում էին «Ուրարտու-2»-ի պաշտպանների դիմադրությանը։ Մեր տղաները բավական շատ էին հեռվից հարվածներ կատարում. Վարդանյանից զատ հարվածներ էին հասցնում նաև Հարություն Ստեփանյանն ու Համլետ Սարգսյանը, սակայն դրանք իրենց նպատակին չէին հասնում։ Մինչև խաղակեսի ավարտը նոր գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսն ակտիվությամբ չէր զիջում առաջինին, խաղադաշտում հնարավոր էր տեսնել երկկողմանի խաղ։ Մի քանի անգամ կրկին տեսանք Մխիթար Ումրեյանին խաղի մեջ, մեկ անգամ էլ մեր թիմին երկրորդ գոլից փրկեց դարպասաձողը։ Թիմերը կամաց-կամաց փորձում էին գտնել խաղի ելքը։ Հանդիպման վերջին րոպեին մեր երկու կենտրոնական պաշտպանները գլխով անհաջող բախվեցին միմյանց և ստիպված եղան լքել խաղադաշտը։ Փոփոխություն կատարելու հնարավորություն մեր թիմն այլևս չուներ, ուստի տղաները պետք է խաղն ավարտեին ինը հոգով։ Հիմնականում երկու թիմերն էլ փորձում էին դիրքային գրոհներ կառուցել, սակայն հանդիպման վերջնական հաշիվը որոշվեց ավելացված ժամանակում։ Վրեժ Չիլոյանը կարողացավ կրկնապատկել իր թիմի առավելությունը. «Փյունիկ Ակադեմիա» - «Ուրարտու-2»՝ 2-0.

Հիշեցնենք, որ «Ուրարտու-2»-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 11-ին՝ 15-րդ տուրի շրջանակում՝ տանը հանդիպելով «Միկայի» հետ։ Խաղի սկիզբը՝ 18:30-ին։

«ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 2-0

1-0 Ռոբերտ Գեգեդոշ (9'), 2-0 Վրեժ Չիլոյան (90+7')

«ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱ». 32․ Սերգեյ Միքայելյան (ա), 24․ Մարյան Ռադեսկի, 3․ Բորիս Վարգա, 85․ Կառլեն Մկրտչյան, 47․ Հայկ Թաթոսյան, 83․ Վյաչեսլավ Աֆյան, 60․ Մարկ Ավետիսյան, 63․ Էրիկ Պապիկյան, 89․ Արիս Կարապետյան, 58․ Նարեկ Սիմոնյան, 28․ Ռոբերտ Գեգեդոշ։

Պահեստայիններ՝ 16․ Վլադ Չատունց, 37․ Վրեժ Չիլոյան, 57․ Արման Եղիազարյան, 68․ Նարեկ Բարոյան, 51․ Արմեն Ադամյան, 31․ Համլետ Ալեքսանյան, 50․ Ալեքսանդր Պետրոսյան, 40․ Աշոտ Միքայելյան, 45․ Մարատ Ասատրյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2». 22. Մխիթար Ումրեյան, 39․ Նարեկ Դավթյան (ա), 5․ Արթուր Թալասյան, 12․ Արա Ջոլաքյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 9․ Արթուր Իսրայելյան, 18․ Համլետ Սարգսյան, 15․ Կարեն Դավթյան, 21․ Հարություն Ստեփանյան, 23․ Լևոն Բաշոյան, 16․ Էդիկ Վարդանյան։

Պահեստայիններ՝  1․ Սուրեն Ղազարյան, 35․ Իսաակ Բարրի, 19․ Կարեն Թալասյան, 29․ Խաչիկ Կիրակոսյան, 77․ Հայկ Մկրտչյան, 27․ Գառնիկ Մինասյան, 11․ Էրիկ Ղուլինյան, 20․ Հայկ Գասպարյան, 7․ Հայկ Ղազարյան, 14․ Դավիթ Հարությունյան, 17․ Էրիկ Ասատրյան, 25․ Դավիթ Ղիասյան։