Not Selected

ՕԼԵԳ ՊՈԼՅԱԿՈՎԸ՝ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՓՈՐՁԱՌՈՒ ԱՅԼԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

31/08/2023

Օլեգ Պոլյակովը «Շիրակի» հետ մրցավեճում IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայում «Ուրարտուի» կազմում 85-րդ խաղն անցկացրեց ու դարձավ թիմի պատմության մեջ ամենաշատ հանդիպումների մասնակցած այլազգի ֆուտբոլիստը: 32-ամյա Պոլյակովը գերազանցեց Ուգոչուկվու Իվուի ռեկորդային ցուցանիշը, որը Հայաստանի առաջնություններում մեր թիմի կազմում 84 խաղ էր անցկացրել:

Հիշեցնենք, որ Կազանի «Ռուբին» տեղափոխված Ուգոչուկվու Իվուն «Ուրարտուի» ռեկորդակիր էր դարձել այս տարվա մայիսի 2-ին Չարենցավանում «Վանի» հետ կայացած մրցավեճում՝ 80-րդ անգամ խաղադաշտ դուրս գալով հարազատ ակումբի մարզաշապիկով: Նիգերիացի կիսապաշտպանը գերազանցել էր «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ, ուգանդացի Նոա Կասուլեի ռեկորդային ցուցանիշը, որը Հայաստանի առաջնություններում 2007-2010 թթ. թիմի կազմում 79 խաղ էր անցկացրել:

Օլեգ Պոլյակովը 4-րդ մրցաշրջանն է ելույթ ունենում «Ուրարտուի» կազմում՝ հանդիսանալով թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Ռուս ֆուտբոլիստն «Ուրարտուի» կազմում նորամուտը նշել է 2020թ. օգոստոսի 23-ին «Փյունիկի» հետ կայացած առաջնության մեկնարկային խաղում: 

Ֆուտբոլիստ Երկիր Խաղ
Օլեգ Պոլյակով Ռուսաստան 85
Ուգոչուկվու Իվու  Նիգերիա 84
Նոա Կասուլե Ուգանդա 79
Նանա Անտվի Գանա 61
Անդրեյ Չերևկո Ուկրաինա 58
Անդրեյ Բուրդիյան Ուկրաինա 57
Էդվարդ Կպոդո Գանա 56
Վլատկո Դրոբարով Մակեդոնիա 52
Վադիմ Պարամոնով Ուկրաինա 49
Նենադ Ռադաջա Սերբիա 47