Not Selected

ՆԱՐԵԿ ԱՂԱՍԱՐՅԱՆ․ «ԿԱՇԽԱՏԵՆՔ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՅՍ ՀԱՎԱՔԸ»

03/02/2023

ԱՄԷ-ում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում մեր թիմը շարունակում է մարզումային գործընթացը։ Գունկոյի տղաներն արդեն մեկ ստուգողական հանդիպում անցկացրել են։ Նախապատրաստական այս շրջանի մասին խոսել է թիմի կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը։ 

ԱՄԷ-ՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ

«Մի քանի օր է, ինչ այստեղ ենք, շատ լավ հավաք ենք անցկացնում, լավ տեղ է ընտրված, բոլոր պայմանները կան, եղանակը բարենպաստ է արդյունավետ մարզումներ անցկացնելու համար, խաղադաշտերն էլ որակապես շատ լավ վիճակում են, ինչը ամենակարևորն է»։

ՄԱՐԶՈՒՄԱՅԻՆ ԽԻՏ ԳՐԱՖԻԿԻ ՄԱՍԻՆ

«Նախապատրաստական լավ շրջան ենք անցկացնում, ծանր մարզումներ ենք ունենում, բայց այդ ծանրաբեռնվածությունը նրա համար է, որ առաջնության ժամանակ ավելի հեշտ լինի մեզ համար: Բոլորը պրոֆեսիոնալ են, ու բոլորս դա հասկանում ենք: Բացի այդ նաև շատ զվարճալի ու խաղերով լի են մարզումները, ինչը լավ մթնոլորտ է ապահովում թիմում»։

ԱՌԱՋԻՆ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Առաջին հանդիպումն անցկացրինք արաբական «Յունայթեդի» հետ, ֆիզիկապես լավ պատրաստված թիմ էր, բայց կարողացանք հաղթել։ Կարծում եմ՝ լավ խաղ ստացվեց, բայց շտկելու բաներ, իհարկե, ունենք։ Դեռ փորձում ենք հասկանալ ու խաղակցվածությունն ապահովել, քանի որ թիմում նորեկներ էլ ունենք։ Կաշխատենք հնարավորինս արդյունավետ օգտագործել այս հավաքը»։