Not Selected

ԱՆԱՏՈԼԻ ԱՅՎԱԶՈՎ․ «ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ԱՌՋԵՎՈՒՄ ԴԵՌ ՇԱՏ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԿՈՒՆԵՆԱՆՔ»

25/02/2022

«Ուրարտուի» դարպասապահ Անատոլի Այվազովի համար «Նորավանքի» հետ խաղը հոբելյանական էր։ Ֆուտբոլիստն իր 150-րդ հանդիպումն անցկացրեց պաշտոնական խաղերում, որոնցից 36-ը՝ «Ուրարտուի» կազմում։ Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում Այվազովը խոսել է իր մարզավիճակի, առաջիկա խաղերի և այլ թեմաների մասին․

 

«ՆՈՐԱՎԱՆՔԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Առաջին խաղակեսում լավ հանդես եկանք, խփած գոլից հետո մրցակցի համար հնարավորություններ ստեղծեցինք։ Իսկ երկրորդ խաղակեսում կարծում եմ՝ արդեն ֆիզիկապես զիջեցինք, մրցակիցն էլ կարողացավ ճնշել ու ոչ-ոքի կորզել»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Արդյունավետ հավաք ենք անցկացրել, պարզապես ժամանակը քիչ էր։ Ցանկալի կլիներ՝ ավելի շատ ստուգողական հանդիպումներ անցկացնեինք այնտեղ, բայց փորձեցինք առավելագույնս օգուտ քաղել եղածից։ Ինքս լավ մարզավիճակում եմ, մասնակցել եմ բոլոր մարզումներին և իմ կարծիքով լիարժեք պատրաստ եմ։

«Ուրախ եմ կարիերայիս 150-րդ հանդիպումն անցկացնելու կապակցությամբ, լավ կլիներ, եթե հոբելյանական խաղս հաղթանակով ավարտվեր, բայց հույս ունեմ՝ առջևում դեռ շատ հաղթանակներ կունենանք»։

ՍՊԱՍՎՈՂ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Առաջիկա բոլոր հանդիպումներին պետք է լավ նախապատրաստվենք, յուրաքանչյուր խաղ շատ կարևոր է, պետք է հաղթենք: Առաջիկայում սպասվող հանդիպումներից ամենակարևորը լինելու է գավաթի կիսաեզրափակչի խաղը, քանի որ մեր առաջադրանքը այն հաղթելն է․ ուստի պետք է շատ լավ պատրաստվենք»։