Not Selected

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆ Է, ՈՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ

12/11/2021

ՖԻՖԱ-ի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման J խմբի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և պարտվեց 0-5 հաշվով։

Այդ խաղում իր նորամուտը նշեց «Ուրարտուի» 20-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանը, որը փոխարինման մտավ հանդիպման 73-րդ րոպեին։

Գրիգորյանը դարձավ «Ուրարտուի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (20 տարեկան, 147 օրեկան), որը պաշտոնական հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում։

Նախկինում այդ ցուցանիշը պատկանում էր Սամվել Մելքոնյանին, վերջինս իր նորամուտը նշել էր հավաքականի կազմում 2005 թվականի սեպտեմբերի 3-ին Հոլադանիայի հավաքականի հետ Աշխարհի 2006 թվականի առաջնության որակավորման փուլի խաղում (0-1): Այդ պահին Մելքոնյանը 20 տարեկան 172 օրեկան էր։

Իսկ ընկերական հանդիպումների շրջանակում «Ուրարտուի» ֆուտբոլիստի կարգավիճակում հավաքականի կազմում նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Սարգիս Կարապետյանն է (19 տարեկան; Լատվիա – Հայաստան 0-0 11․02․2009), 19 տարեկանում ազգային ընտրանու կազմում նորամուտը նշել են նաև Հովհաննես Համբարձումյանը (Հայաստան – Իրան 1-3 11․08․2010), Արտակ Դաշյանը (Լատվիա – Հայաստան 0-0 11․02․2009) և Վալտեր Պողոսյանը (Սերբիա – Հայաստան 2-0 28․02․2012), բայց նորից նշենք, որ թվարկված այս ֆուտբոլիստները հավաքականի կազմում իրենց նորամուտները նշել են ոչ պաշտոնական խաղերում։

Նարեկ Գրիգորյանը դարձավ նաև պատմության ընթացքում «Ուրարտուի» 31-րդ ֆուտբոլիստը, որը հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։

«Ուրարտուի» ֆուտբոլիստներից վերջին անգամ հավաքականի կազմում խաղացել էին Հակոբ Հակոբյանն ու Արթուր Միրանյանը՝ հունիսի 5-ին Շվեդիայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում (1-3):

Իսկ պաշտոնական խաղերում «Ուրարտուի» վերջին ներկայացուցիչը եղել էր Հակոբ Հակոբյանը, որը մասնակցել էր նախորդ գարնանը կայացած Իսլանդիայի հավաքականի հետ հանդիպմանը, որում մեր ընտրանին առավելության էր հասել 2-0 հաշվով։

Որպես «Ուրարտուի» ֆուտբոլիստ՝ հավաքականի կազմում ամենից շատ հանդիպումներն անցկացրել է Սամվել Մելքոնյանը (24 խաղ), երկրորդ հորիզոնականում Արամ Հայրապետյանն է (18 խաղ), նրանից մեկ հանդիպում քիչ է անցկացրել Արարատ Առաքելյանը (17 խաղ)։