Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻՑ

09/09/2021

Միջազգային դադարի ընթացքում «Ուրարտուից» 9 ֆուտբոլիստներ հրավիրվել էին ազգային ու երիտասարդական հավաքականներ։ Ամփոփել ենք մեր ֆուտբոլիստների ելույթները միջազգային դադարի ընթացքում.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 3 ԽԱՂՈՒՄ 2 ՄԻԱՎՈՐ ՎԱՍՏԱԿԵՑ

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման J խմբում Հայաստանի հավաքականը 3 հանդիպում անցկացրեց։ Հյուսիսային Մակեդոնիայի, Գերմանիայի և Լիխտենշտայնի հավաքականների հետ հանդիպումներին Խոակին Կապառոսը «Ուրարտուից» հրավիրել էր Արսեն Բեգլարյանին և Անատոլի Այվազովին։ Երկու դարպասապահներն էլ այս խաղերում խաղաժամանակ չստացան։ Անատոլի Այվազովը հայտավորված էր Հյուսիսային Մակեդոնիայի (0-0) և Լիխտենշտայնի (1-1) հավաքականների հետ խաղերում, իսկ Արսեն Բեգլարյանը հայտավորված էր Գերմանիայի հավաքականի հետ հանդիպմանը, որն ավարտվեց գերմանացիների հաղթանակով՝ 6-0 հաշվով։ 6-րդ տուրից մեր հավաքականը 11 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականով։

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ԳՈԼԻ ՈՒ ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԵՂԻՆԱԿ

Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի 8-րդ խմբում կայացան 2-րդ և 3-րդ տուրի հանդիպումները։ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասավ Ֆարերյան կղզիների մինչև 21 տարեկանների հավաքականի նկատմամբ։ Նարեկ Գրիգորյանը բացեց հանդիպման հաշիվը, իսկ երկրորդ գոլն էլ խփեց «ՈՒրարտուից»՝ ԲԿՄԱ գործուղված Միքայել Միրզոյանը։ Այդ խաղին մասնակցեցին նաև Նարեկ Աղասարյանն ու Սերգեյ Մկրտչյանը։ Տիգրան Այունցը՝ պահեստայինների թվում էր։ 3-րդ տուրի խաղում մեր երիտասարդականի ֆուտբոլիստները հյուրընկալվեցին Ուկարինայի մինչև 21 տարեկանների հավաքականին և պարտվեցին 2-1 հաշվով։ Նարեկ Գրիգորյանն այս անգամ գոլային փոխանցման հեղինակ դարձավ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Նարեկ Աղասարյանն ու Սերգեյ Մկրտչյանը։ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը 3-րդ տուրից հետո իր ակտիվում ունի 3 միավոր և ընթանում է 4-րդ հորիզոնականով։

19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՐԵՑ

Միջազգային դադարի ընթացքում հանդիպումներ անցկացրեց նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը։ Ընկերական հանդիպման շրջանակում մեր պատանիները երկու անգամ ուժերը չափեցին Լիտվայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ և երկու անգամ էլ պարտություն կրեցին՝ 4-0 և 2-0 հաշիվներով։ Հավաքականն էին հրավիրվել «Ուրարտուից» 3 ֆուտբոլիստներ՝ Էրիկ Սիմոնյանը, Համլետ Սարգսյանը և Ռուբեն Աբրահամյանը։

ՆԻՐԻՍԱՐԻԿԵ ՌՈՒԱՆԴԱՆ ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Աշխարհի առաջնության որակավորման փուլում իր ճանապարհը սկսեց Սալոմոն Նիրիսարիկեի Ռուանդայի հավաքականը։ Առաջին տուրում Ռուանդան մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով պարտվեց Մալիի հավաքականին, իսկ երկրորդ տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 խաղաց Քենիայի հավաքականի հետ։ Սալոմոն Նիրիսարիկեն ամբողջությամբ մասնակցեց երկու հանդիպումներին էլ։

ԴԵՍԻՐԵՆ՝ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ

 Ջոնել Դեսիրեի Հայիթիի ազգային հավաքականն էլ երկու ընկերական հանդիպումներ անցկացրեց, նախ՝ Բահրեյնի, այնուհետև Հորդանանի հավաքականների հետ։ Առաջին խաղում Հայիթին 6-1 հաշվով պարտվեց Բահրեյնի ընտրանուն։ Դեսիրեն մասնակցեց ողջ հանդիպմանը։ Երկրորդ խաղում Հայիթիի ընտրանին 2-0 հաշվով առավելության հասավ Հորդանանի նկատմամբ։ Այս խաղում «Ուրարտուի» հարձակվողը դարձավ գոլի հեղինակ։